Հունգարիան արգելափակելու է ԵՄ-ի որոշումը՝ ֆինանսական օգնության ծրագրի շրջանակում Կիևի իշխանություններին 18 միլիարդ եվրո փոխանցելու մասին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ հունգարական կողմը Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին ասել է, որ չի աջակցի հաջորդ տարվա համար Ուկրաինային նախատեսված օգնության փաթեթին։
Եվրահանձնաժողովը մայիսին հայտարարեց Ուկրաինային մակրոֆինանսական օգնության բացառիկ փաթեթի մասին՝ մինչև 9 միլիարդ եվրո արժողությամբ: Միջոցների բաշխման համար անհրաժեշտ է ԵՀ-ի պաշտոնական առաջարկը, այնուհետև ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի հաստատումը:
9 միլիարդից 6-ը պաշտոնապես համաձայնեցված են, սակայն գումարը դեռ ամբողջությամբ չի հատկացվել։ 1 միլիարդ տրամադրվել է օգոստոսին, 2 միլիարդը՝ հոկտեմբերին։ Մայիսյան փաթեթից ևս 3 միլիարդ եվրոյի հատկացումն Ուկրաինային մնում է չհամակարգված։
Եվրամիությունն այս տարի չկարողացավ համաձայնության գալ այդ միջոցների վճարման հարցում, և գումարը կդառնա Կիևին 2023 թվականին նախատեսված 18 միլիարդանոց նոր փաթեթի մասը։