«Թվային կյանքի որակը 2022» ինդեքսում ինտերնետի հասանելիության ցուցանիշով Հայաստանը 34 միավորով բարելավել է դիրքերը. դիտարկված 117 երկրից մեր երկիրը 47-րդ տեղում է: Surfshark ընկերությունը հաշվարկել է, թե ինչքան պետք է աշխատի մարդը ինտերնետի գումարը վճարելու համար: Այս ցուցանիշով, ըստ ներկայացված տվյալների, Հայաստանը երկրորդ տեղում է, զիջում է միայն Իսրայելին: Տան ինտերնետի համար, ըստ ուսումնասիրության, մեր երկրում պետք է աշխատել միջինը 18 րոպե, ամենաէժան շարժական ինտերնետի համար՝ 8 րոպե 48 վայրկյան։
Արթուր Պապյան (մեդիափորձագետ) - Եթե նայենք այդ ցուցանիշներին, կտեսնենք, որ ամենաառաջին աճը գրանցվել է ինտերնետի գնի հետ կապված: Ինտերնետի արժեքի հետ կապված հաշվարկվում է՝ արդյոք մարդը կարո՞ղ է իրեն թույլ տալ իր միջին աշխատավարձով ունենալ էժան, հասանելի ինտերնետ: Եվ հենց էդ ցուցանիշով է, որ բավական լավն են թվերը:
Ընկերությունը ցուցանիշները ուսումնասիրել է՝ հաշվի առնելով հինգ բաղադրիչ՝ համացանցի մատչելիություն, որակ, էլեկտրոնային ենթակառուցվածք, անվտանգություն և կառավարում: Մասնագետները նշում են՝ Հայաստանում ինտերնետի որակը, հասանելիությունն ու կապուղիները արդեն մի քանի տարի շարունակական զարգացում են արձանագրում, և զարմանալի չէ, որ այս առումով տարածաշրջանում առաջատար դիրքում ենք:
Արթուր Պապյան - Ադրբեջանը գրեթե միշտ ինտերնետի ազատության, ինտերնետի հասանելիության ցուցանիշներով վերջին տեղերում է, իսկ այլ ցուցանիշներով մենք սովորաբար Վրաստանի հետ ենք մրցակցության մեջ, այստեղ տեսնում ենք, որ Վրաստանից շուրջ 20 կետով առաջ ենք, շատ ավելի դրական վիճակում ենք:
Փորձագետների խոսքով՝ այս ցուցանիշները հատկապես կարևոր են այն առումով, որ ներդրումներ կատարելիս օտարերկրյա ընկերությունները նաև դա են հաշվի առնում: Բացի այդ, ինտերնետի բարձր հասանելիությունը հնարավորություն է տալիս նոր ստեղծագործական միջավայր ստեղծել, նպաստել ինֆորմացիոն հասարակության աճին ու համացանցային բիզնեսին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը առաջընթացին զուգահեռ նաև ոլորտի բացերն է նշում:
Ավետ Պողոսյան (ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ) - Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ մեծ հնարավորություն ունեն ինտերնետ հասանելիության, և շատ ավելի մեծացել է այդ հասանելիությունը: Կետեր կան, որ առաջընթացը այնքան էլ մեծ չէ, օրինակ շարժական կապի մասով, բայց, կարծում եմ, հաջորդ տարի այդ կետում նույնպես մենք ավելի մեծ առաջընթաց կգրանցենք:
«Թվային կյանքի որակը 2022» ինդեքսում ինտերնետի հասանելիության ցուցանիշներով առաջատարներն են Իսրայելը, Դանիան, Գերմանիան և Ֆրանսիան: Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ Հայաստանը գրանցած ցուցանիշները բարելավելու լավ հնարավորություններ ունի, և պետությունն այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանք է տանում:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան