ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2023 թ. պետբյուջեով նախատեսված տնտեսական ոլորտին առնչվող մի շարք ցուցանիշներ: Ըստ փոխնախարարի՝ տնտեսության ոլորտին նախատեսվել է հատկացնել 212 մլրդ 528 մլն դրամ:
Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ կապիտալ ծախսերի կատարման հետ կապված կան խնդիրներ, այդ իսկ պատճառով կոչ է արվել գործընկեր նախարարություններին լինել իրատեսական:
2023 թ. համար ավելացել են սոցիալական ոլորտի ծախսերը՝ կապված թոշակների և ընտանեկան նպաստների բարձրացման հետ: Ըստ փոխնախարարի՝ 2023 թ. պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. ամեն ինչ կարվի առողջապահության և կրթության ոլորտների ծախսերի աճի ավելացման ուղղությամբ: «Այս բնագավառները Կառավարության ծրագրով համարվել են գերակա»,- ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը և հավելել, որ կավելանան նաև տնտեսական ոլորտի բյուջետային հատկացումները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում ամփոփվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: