Խաղաղության պայմանագիր կնքելու համար հայկական կողմն Ադրբեջանից պահանջում է զորքերը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից: Անդրադառնալով առկա գործընթացներին` նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀՀ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Նախարարն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ 2023 թվականին կառուցվելիք՝ Սյունիքի մարզի հատվածին: Քաջարանի թունելը կառուցվելու է իրանական կողմի տրամադրած վարկային միջոցներով: Մրցութային փուլ են մտնել նաև Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների կառուցման գործընթացները:
Գնել Սանոսյան - Քաջարան-Ագարակ մրցույթը հայտարարել ենք, հույս ունենք, որ ակտիվություն կլինի, իսկ թունելի մասով վերջնական տարբերակի չենք եկել, որովհետև ունենք ցանկություն՝ իրանական գործընկերների հետ աշխատել, եթե հնարավոր է` իրանական վարկով իրանական ընկերություն աշխատի, եթե ոչ, հնարավոր է, որ մեզ համար հարմար պայմաններով տանք իրանական ընկերություններին:
Իրանական կողմի հետ քննարկվում է նաև Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը: Այն հնարավորություն կտա գազի դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել հարևան երկիր: Գծի կառուցումը ևս իրանական վարկով իրանական ընկերություն է իրականացնում, աշխատանքները դանդաղ են ընթանում, որովհետև, ըստ Սանոսյանի, խնդիր կա բանկի և ընկերության միջև:
Գնել Սանոսյան - Բանկի հետ էլ ենք խոսել, քննարկումներ ունեցել։ Կարծես թե դրական տեղաշարժ կա, հույս ունեմ՝ 2023 թվականին կավարտենք ծրագիրը:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է 13 ՍԱՆՏԻՄԵՏՐՈՎ. ՍԻՄԻԴՅԱՆ
Շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ անդրադարձավ Սևանա լճի մակարդակին: Նշեց՝ թեև տարվա սկզբին ավելի վատատեսական կանխատեսումներ են եղել, այժմ լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 13 սանտիմետրով:
Հակոբ Սիմիդյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Մակարդակը Սևանի արդեն ցածր էր, և ձմեռը բավական քիչ տեղումներով էր ընթանում, ու հասկանալի էր, որ դա ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: Հետո գարնանային տեղումներն, իհարկե, իրավիճակը փոխեցին։
Նախարարության ուշադրության կենտրոնում է նաև լճի կանաչման խնդիրը։ Սիմիդյանը լճի աղտոտման երեք պատճառ է նշում` լիճ թափվող կեղտաջրերը, ցածր մակարդակն ու էնդեմիկ տեսակների կորուստը։
Հակոբ Սիմիդյան - Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված 170 մլն խմ չենք գերազանցել, և դա, իհարկե, Սևանի վրա ճնշումը քչացնում է:
Սևանա լճի կանաչելու դեմ պայքարի շրջանակում նախարարությունում շարունակում են քայլեր ձեռնարկել նաև սիգի ապօրինի որսի դեմ:
Հեղինակ` Նորայր Շողիկյան