Մանկատանը մեծացած Թեհմինեն 4-րդ անգամ է մայրացել՝ դստերն ու երկու որդիներին եղբայր է պարգևել: Նրա բազմանդամ ընտանիքը վերջերս էլ բնակարանամուտ է տոնել: Տունը, որ ձեռք է բերել պետության տրամադրած բնակարանների գնման վկայագրով, Արմավիրի Դողս գյուղում է:
Թեհմինե Արասխանյան (ծրագրի շահառու) - Էս պայմանները որ կան՝ կատարելության աստիճան է: Անհնարին պայմաններ էին: Ոչ մի տարրական պայման չկար, մանավանդ երեխաների համար:
Պետության հատկացրած գումարը 6 մլն 300 հազար դրամ է: Իրենք տունը գնել են 5 միլիոնով: Մնացած մասով պատուհաններն ու դռներն են փոխել, սենյակները նորոգել: Իսկ գույքը ձեռք են բերել ընտանիքի տնտեսած միջոցներով, մի մասն էլ նվեր են ստացել:
Թեհմինե Արասխանյան - Եթե այսօր ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, պետության աջակցության շնորհիվ է: Ճիշտ է՝ տունը գնել ենք կիսակառույց, ոչ մարդկային պայմաններով, բայց չեմ կարող չասել, որ դա գնել ենք պետության տված սերտիֆիկատով: Ինչքան էլ ամուսինս աշխատեր, գումար հավաքեր, այդքան մեծ գումար չէր կարող տնտեսել, որ տուն գներ:
Ամուսինը՝ Անդրանիկը, շինարարությունում է աշխատում: Տան վերանորոգման գործում հայրն ու եղբայրն են օգնել: Ավելի շուտ տեղափոխվելուն համավարակն ու պատերազմը խանգարեցին: Հիմա արդեն իրենց տանն են: Ընտանիքի ֆինանսական հոգսը թեև Անդրանիկի ուսերին է, բայց չի նեղսրտում:
Անդրանիկ Մելիքյան - Դժգոհ չեմ, որովհետև աշխատանքը կա, աշխատում եմ, հասցնում եմ, ընտանիքս հասկանում է ինձ:
5 տարեկանից Թեհմինեն մեծացել է Վանաձորի մանկատանը, իսկ չափահաս դառնալուց հետո տեղափոխվել «Մեր տունը» սոցիալական կազմակերպություն, որտեղ նրան տանիք են տվել, օգնել, որ բարձրագույն կրթություն ստանա: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց աշխատել չի հասցրել: Անդրանիկի հետ հանդիպումը փոխել է նրա ծրագրերը:
Թեհմինե Արասխանյան - Երջանիկ եմ, ունեմ սիրող ամուսին, 4 բալիկ, շատ ուրախ եմ: Կյանքս բաժանված էր երկու մասի՝ մինչև ամուսնանալս և դրանից հետո: Մինչև ամուսնանալս ապրում էի անհոգ կյանքով, բայց դատարկություն կար: Իսկ երբ քո ընտանիքն ես ունենում, քո սեփականը, ծնողներիդ բաց թողածը, քո չտեսածը ուզում ես տալ երեխայիդ՝ ամեն դժվարություն հաղթահարելով:
Դժվարություններն իրար օգնելով են հաղթահարում: Հիմա նախապատրաստվում են ձմռանը, տունն են գազիֆիկացնում: Որոշել են գարնանն էլ տնամերձ հողամասը մշակել՝ տնկիներ կգնեն, պտղատու այգի կհիմնեն: