ՄՈՍԿՎԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉՈՒՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՌՈՒԴԵՆԿՈ
Մոսկվան նախապայմաններ չունի Կիևի հետ բանակցությունների համար՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հավելելով է՝ «նախապայման չկա, բացի հիմնական պայմանից՝ Ուկրաինան պետք է բարի կամք դրսևորի»: Ռուդենկոն հիշեցրել է, որ Կիևի իշխանությունները օրենք են ընդունել, որն արգելում է Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները։ Դիվանագետն ընդգծել է, որ դա հարևան երկրի իշխանությունների գիտակցված ընտրությունն է։
«Մենք միշտ հայտարարել ենք բանակցելու մեր պատրաստակամության մասին, սակայն բանակցությունները չեղարկվել են ոչ մեր մեղքով»,- հավելել է Ռուդենկոն։
Միաժամանակ դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հարցով դիվանագիտական շփումներ չունի ԱՄՆ-ի հետ։ Դիվանագետը նաև հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու հարցով բանակցությունների շարունակման մասին։ Փոխարտգործնախարարի տվյալով՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկները։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցությունը կլինի առցանց ձևաչափով։ Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովին, եթե այնտեղ լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ մադրիդյան գագաթաժողովում ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին իր երկրը կշարունակի ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված քայլերը կոնկրետ գործողություններով:
Ուլֆ Քրիստերսոնը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Թուրքիայի հետ՝ անվտանգության, իրավական ոլորտներում: Նախատեսվում է Շվեդիայի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը: Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թեև Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում որոշակի առաջընթաց նկատվում է, այդուհանդերձ, Հելսինկիի և Ստոկհոլմի՝ դաշինքի անդամակցության մասին խոսելը դեռ վաղ է:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Թուրքիան և ՄԱԿ-ը համակարգում են աշխատանքը, որպեսզի արդարացնեն Ռուսաստանի սպասելիքները հացահատիկային գործարքի շրջանակում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում 2023 թվականի բյուջեի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ է վարում ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու համար։ Չավուշօղլուն նաև նշել է, որ կողմերի համաձայնության դեպքում հացահատիկային գործարքը կերկարաձգվի։
ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արդեն մի քանի ժամ է՝ ԱՄՆ-ում բացվել են ընտրատեղամասերը. երկրում այսօր միջանկյալ ընտրություններ են: Ամերիկացիներն ընտրելու են ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 անդամի, ինչպես նաև 36 նահանգի օրենսդիր մարմին, պետքարտուղար և նահանգապետ: Արդեն ավելի քան 42 միլիոն ամերիկացի երեկ մասնակցել է քվեարկությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես քվեարկել է վաղաժամ: