ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ոսկետափ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
30-ամյա տղամարդու՝ «աջ ստորին վերջույթի հրազենային կոտորակային վիրավորում» ախտորոշմամբ Վեդու բժշկական կենտրոն, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։25-ին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքը ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն բնակավայրի 37-ամյա բնակիչ է:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:
Ձեռնարկվում են միջոցառումներ 37-ամյա տղամարդուն, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: