ՀՈՐԴԱՆԱՆ
ԱՅՑ ԱՄՄԱՆԻ ԼՈԽՈՒՄԻ ԳՈՐԾԱՐԱՆ
Ամեն առավոտ ժամը երեքին Ֆահիդ Շուքեյրը բացում է իր գործարանի դռները, որպեսզի հասցնի ժամանակին օսլան շաքարավազին խառնել՝ ավանդական լոխում քաղցրավենիքը պատրաստելու համար:
52-ամյա տղամարդը, որը Հորդանանի ամենահին գործարաններից մեկի սեփականատերն է, ասում է, որ լոխումն իր ընտանիքի այցեքարտն է: Նրանք այս գործը սովորել են Սիրիայում 1920-ականներին և 1940-ականներին գործարան բացել Հորդանանում:
Ֆահիդն այս գործը հորից է ստացել որպես ժառանգություն: Նա միակն է, որն այսօր պահպանում է լոխում պատրաստելու հմտությունները: Ընտանիքի շատ անդամներ հրաժարվել են «ֆինանսապես ոչ նպատակահարմար» համարվող այս գործից:
Ֆահիդ Շուքեյր (լոխումի գործարանի սեփականատեր) - Հայրս մի օր ինձ ասաց, որ պետք է դադարեմ մի վայրից մյուսը տեղափոխվել, պետք է գամ իր մոտ՝ այս գործը սովորելու, քանի որ մեր ընտանիքում ոչ ոք չի մնացել, որ կարող է այդ աշխատանքն անել: Ես չմերժեցի նրան և վերադարձա Ամման:
Լոխում պատրաստելիս Ֆահիդը շարունակում է օգտվել հոր հին աշխատանքային գործիքներից մի քանիսից, օրինակ՝ փայտե գդալից, սակայն նոր, ավելի ժամանակակից սարքավորումներ նույնպես կիրառում է այդ գործում:
Ֆահիդը պատմում է, որ ժամանակին այս ամենը ձեռքով են արել, իսկ հիմա աշխատանքի մեծ մասը մեքենայացված է: Ժամանակին երեք հոգով են ստիպված եղել անել այն, ինչ նա այժմ անում է մեքենայի օգնությամբ:
Ֆահիդ Շուքեյրի հաճախորդները ոչ միայն տեղացիներն են, այլև արտասահմանցի զբոսաշրջիկները: Քաղցրավենիքի վարպետը վստահեցնում է, որ դեռևս ոչ ոք դժգոհ չի մնացել իր գործարանի արտադրանքից:
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՀՈՒՆԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԽՃԱՆԿԱՐԸ ԶԱՐԴԱՐԵԼ Է ՆՈՐԱԲԱՑ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՏԱԿԸ
Աթենքի արվարձաններից մեկում մետրոյի նոր կայարան է բացվել, որտեղ հատակին կարելի է տեսնել ապակով ծածկված խճանկար, որը թվագրվում է Ք.ա. 4-րդ դարով:
Խճանկարից բացի՝ ապակու տակ ցուցադրվում են նաև կերամիկական կենցաղային իրեր, որոնք նույնպես Հին Հունաստանից են:
Արտեֆակտների մինի ցուցահանդեսը, որը պարունակում է նաև հորերի և ջրամբարների հնագույն ոռոգման համակարգի բնօրինակ մասեր և պատճեններ, ներառված է Պիրեյում գտնվող տերմինալում, որը բացվել է անցած ամիս: Բանն այն է, որ հազարավոր արտեֆակտներ են հայտնաբերվել մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ժամանակ: Նոր կայարանը երկրի ամենաբանուկ նավահանգիստը կապում է Աթենքի օդանավակայանին:
Ստելլա Քրիսուլակի (հնագետ) - Մեզ համար ամենակարևորն այն էր, որ հաջողվեց տեսնել այս բոլոր մանր առարկաները՝ գործիքները, կահույքի մասերը, որոնց մասին չգիտեինք, և այս պահին դեռ վստահ չենք, թե դրանցից շատերն ինչի համար են օգտագործվում։ Հետազոտությունների հսկայական դաշտ է բացվել մեր առջև:
Աշխատել են մինչև 17 մ խորությամբ, հնագիտական պեղումները տևել են տասը տարի, քանի որ կառուցվել է ընդհանուր առմամբ վեց կայան: Պեղումներ են իրականացվել 7500 քառակուսի մետր տարածքի վրա, քանի որ կառուցվել է 7,6 կմ երկարությամբ երկաթուղային թունել: Հորերի ներսում հայտնաբերվել են նաև արտեֆակտներ. հնագետները ճոպաններով իջել են դրանց խորքերը:
ԵԳԻՊՏՈՍ
ԹՈՒԹԱՆՀԱՄՈՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ
Հարյուր տարի առաջ՝ 1922 թվականի նոյեմբերի 4-ին, 12-ամյա եգիպտացի տղան՝ Հուսեյնը, Լուքսորի Փարավոնների հովտում սայթաքել է քարի վրա՝ Հովարդ Քարթերի և նրա հնագետների թիմի համար ջուր բերելիս: Հենց այդ պատահական և անհարմար միջադեպի շնորհիվ է տեղի ունեցել 20-րդ դարի ամենակարևոր բացահայտումներից մեկը՝ Եգիպտոսի հռչակավոր փարավոն Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը:
Թութանհամոնը կառավարել է Հին Եգիպտոսում տասնութերորդ դինաստիայի ժամանակ՝ Ք.ա. 14-րդ դարում: Նա ընդամենը ինը տարեկան էր, երբ գահ է բարձրացել, և մոտ տասը տարի անց մահացել է:
Ըստ հնագետների՝ Թութանհամոնն իր կարճատև գահակալության ժամանակաշրջանում կայունություն է բերել Եգիպտոսին, որտեղ մինչև այդ խառնաշփոթ էր տիրում:
Նրան ամփոփել են Փարավոնների հովտում և դամբարանը փակել այն մտադրությամբ, որ ոչ մի մարդկային աչք երբեք չտեսնի ոսկին, գոհարները և արվեստի գործերը, որոնք նրա հավատարիմ սգավորները հավաքել էին փոքրիկ սենյակներում:
Փարավոնի գանձերը հազարավոր տարիներ թաքնված են մնացել ավազների տակ, մինչև դրանք 1922 թվականին հայտնաբերել են բրիտանացի եգիպտագետներ Հովարդ Քարթերն ու լորդ Կառնարվոնը, որոնք վեց տարի անցկացրել են Փարավոնների հովտում պեղումներ անելով:
Թութանհամոնի գահակալությունը հազիվ ինը տարի է տևել Հին Եգիպտոսի պատմության հսկայական ժամանակաշրջանում, ու թեև նրա իրավահաջորդները փորձել են պատմությունից ջնջել այդ փարավոնի մասին գրառումը, այս արժեքավոր հայտնագործությունը երիտասարդ փարավոնին շնորհել է անմահություն, որի մասին նրա մտերիմները նույնիսկ երազել չէին կարող: Ճակատագրի հեգնանքով, պատանի փարավոնը, որի հետքը փորձել են ջնջել պատմությունից, դարձել է երկրի խորհրդանիշներից մեկը՝ ավելի շատ տեղեկություն պատմելով իր և երկրի այդ դարաշրջանի մասին, քան որևէ այլ փարավոն: Թութանհամոնի կամ Թութ փարավոնի դամբարանի՝ գրեթե կատարյալ վիճակում հայտնաբերվելու պատճառներից մեկն այն է, որ երիտասարդ գահակալի հուղարկավորության վայրի վրա ժամանակին կառուցվել է մեկ այլ փարավոնի՝ Ռամզես 6-րդի դամբարանը, և, ամենայն հավանականությամբ, գանձագողերը չեն էլ ենթադրել, թե ինչեր կան թաքնված Ռամզեսի դամբարանի տակ:
Թութանհամոնի մասունքներն այժմ ցուցադրվում են Կահիրեի թանգարանում. ալաբաստրից ծաղկամանը, թագավորի ոսկե սարկոֆագը և, ինչպես նրան ասում էին, «երեխա փարավոնի» դեմքի ոսկե դիմակը:
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՕՐԸ ՀՍԿԱ ՕՁԱՊԱՐՈՒԿՆԵՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՝ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻՆ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գվատեմալայի Սանտյագո Սակատեպեկես բնակավայրում մարդիկ Մահացածների տոնը նշել են հսկա օձապարուկներ բարձրացնելով և ավելի փոքրերը երկինք արձակելով:
Այս բոլոր օձապարուկները ձեռագործ են, գվատեմալացիները դրանց պատրաստման համար ամիսներ են ծախսել:
Խուան Գաբրիել Գրանադոս (տեղի բնակիչ) - Մեր տատիկ-պապիկներն ասում էին, որ մենք նրանց նորից կտեսնեք այս օրը, երբ օձապարուկներ թռցնենք: Բացի դրանից՝ ասում էին, որ չար ոգիները կվախենան մեր պատրաստած օձապարուկներից:
Հավատացյալների համոզմամբ՝ այս տոնին ողջերի և մահացածների միջև աշխարհները միավորվում են: Մարդիկ հավատում են, որ թղթի վրա կարող են որևէ հաղորդագրություն գրել, ամրացնել օձապարուկին, և այն կհասնի իրենց սիրելի մահացածներին:
Այդ նամակներում հիմնականում գրված է լինում, որ նրանք կարոտում են իրենց մահացած հարազատներին և ցանկանում են օգնել երկնքից երկիր իջնելիս:
Գերեզմանատների տարածքում օձապարուկներ թռցնելու և բարձրացնելու ավանդույթը Գվատեմալայում ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Գվատեմալացիները հավատում են, որ օձապարուկներին քամիները, այսինքն՝ իրենց սիրելիների հոգիներն են առաջնորդում:
Նրանք կարծում են, որ մահացածների հոգիներն իջնում են երկնքից երկիր և իրենց այցի գալիս մինչև ցերեկվա ժամը չորսը: Շատերը տոնի շրջանակում մինչև այդ ժամը նույնիսկ տանը ճոխ սեղան են պատրաստում՝ իրենց մահացած հարազատների հոգիներին դիմավորելու նպատակով:
ԲՈԼԻՎԻԱ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՀԱՑԵՐ՝ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Բոլիվիայի բնակիչները Մահացածների տոնի համար երեխաների տեսքով հաց են թխում և այցելում են իրենց հանգուցյալ հարազատների գերեզմանները:
Հացթուխները պատրաստում են tanta wawas, որն այմարերենից թարգմանաբար նշանակում է «հաց երեխաներ»: Մարդիկ իրենց մահացած հարազատին խմորից ձևավորում են երեխայի մարմնով ու թխում: Հենց այդ հացերն են խորհրդանշում իրենց մահացած բարեկամին:
Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում տոնական հյուրասիրություն է կազմակերպվել բոլոր մահացածների համար, նրանց պատվին մոմեր են վառվել, տարբեր կերակուրներ մատուցվել:
Սաբինա Օրելանա Քրուզ (Բոլիվիայի մշակույթի նախարար) - Մենք հավատում ենք, որ այսօր մեր սիրելիների հոգիներն այցելում են մեզ: Ահա թե ինչու նրանց հետ մի լավ ճաշկերույթ ենք անցկացնում: Ընդամենը մեկ օր են մեզ հետ մնում, վաղն արդեն հրաժեշտ կտանք նրանց:
Շատերն այցելում են իրենց մահացածների գերեզմաններ, մաքրում ու զարդարում դրանք:
ՄԵՔՍԻԿԱ
ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ ՄԱՀԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՕՐՎԱ ԳՈՒՆԵՂ ՇՔԵՐԹՈՎ
Մեքսիկայում նույնպես մեծ շուքով տոնել են Մահացածների օրը: Հազարավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաք Մեխիկոյի փողոցներում՝ ականատես լինելու ազգային տոնին նվիրված գունեղ շքերթին:
Փողոցով անցնում են հսկա կմախքների, նաև մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի տեսքով արձաններ: Ավանդական մեքսիկական հանդերձանքով մարդիկ փողոցներում երգում-պարում, ուրախանում են: Շատերը դեմքերը ներկել են այնպես, ասես, իրենք էլ կմախք լինեն: Մյուսները մեծ ու փոքր դիմակներ են կրում:
Խուլիո Սանտոս (զբոսաշրջիկ Կալիֆոռնիայից) - Զարմանալի է, ապշեցուցիչ, իսկապես հետաքրքիր է տեսնել և զգալ այս ամբողջ էներգիան, գույները: Այս ամենը նաև զվարճալի է:
Մեքսիկացիները հավատում են, որ այս օրը մահացածների հոգիները կարող են վերադառնալ անդրշիրիմյան կյանքից: Ընտանիքները զոհասեղաններ են պատրաստում իրենց տներում, նույնիսկ ռեստորաններում ու գրասենյակներում: Սեղաններին պարտադիր դնում են իրենց հանգուցյալ հարազատների լուսանկարները, նրանց սիրելի առարկաներից, նաև հուշանվերներ, նախընտրած ուտելիքը, շոկոլադ ու խմիչք:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՄԱՐԴԱՏԱՐ ԳՆԱՑՔԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱԼՊԵՐՈՒՄ
Շվեյցարական երկաթուղային օպերատորը գերազանցել է երբևէ ամենաերկար մարդատար գնացքի համաշխարհային ռեկորդը, երբ գրեթե երկու կիլոմետր երկարությամբ գնացքն ավարտել 25 կմ ձգվող ճանապարհորդությունը շվեյցարական Ալպերում:
Գնացքի ռեկորդը, որը կարող է ընթանալ ժամում մինչև 35 կիլոմետր արագությամբ, հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից:
Գնացքը բաղկացած է 100 մարդատար վագոնից: Դրանց շահագործման համար անհրաժեշտ է յոթ վարորդ և 21 տեխնիկ:
Այս իրադարձությամբ նշվել է շվեյցարական երկաթուղու 175-ամյակը:
ՖՐԱՆՍԻԱ
ՇՈԿՈԼԱԴ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԾՈՒ ՊՂՊԵՂԻՑ
Դժվար է Փարիզի շոկոլադի ամենամյա տոնավաճառում ինչ-որ նոր բան գտնել, սակայն ֆրանսիացի շոկոլադագործ Դամիեն Վիդալին դա հաջողվել է. նա իր պատրաստած շոկոլադին ավելացրել է աշխարհի ամենակծու չիլի պղպեղը, ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի:
Շոկոլադագործը կարողացել է ճիշտ այնքան պղպեղ ավելացնել շոկոլադին, որ այն կծու լինի, սակայն ոչ անտանելի, այլ համեղ:
Հուրախություն Դամիենի, նրա շոկոլադները կարողացել են ուտել ճապոնացի զբոսաշրջիկները, որոնք վստահեցրել են, թե իրենց համտեսած շոկոլադը և՛ քաղցր էր, և՛ կծու, սակայն կծուն մեղմ է և տանելի: Մյուս համտեսողներն էլ վստահեցրել են, որ սկզբում ամեն ինչ լավ է թվում, սակայն վերջում մի լավ տաքանում է բերանը:
Վիդալը՝ մրցանակակիր հրուշակագործը, աշխատել է փարիզյան լավագույն ռեստորաններում և որպես «երիտասարդ տաղանդ» հրավիրված է Փարիզի շոկոլադի տոնավաճառին մասնակցելու:
Դամիեն Վիդալ (շոկոլադագործ) - Ես հենց այդպես էլ ցանկացել եմ, որ լինի. սկզբում՝ քաղցր ու նուրբ համ, իսկ հետո՝ պայթյուն, որը մի քանի րոպե անց անհետանում է: Մենք ստիպված ենք եղել անցնել մի քանի բաղադրատոմսի, մի քանի փորձերի միջով՝ գտնելու ճիշտ հավասարակշռությունը, որը թույլ է տալիս գոհացնել մարդկանց մեծամասնությանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայում յուրաքանչյուր ընտանիք տարեկան ավելի քան 13 կիլոգրամ շոկոլադ է սպառում: Ֆրանսիան տարեկան մոտ 244 տոննա շոկոլադ է արտահանում:
ԱՄՆ
ՀԵԼՈՈՒԻՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Մանհեթենի կենտրոնական փողոցներով անցնում են ուրվականներ, կմախքներ ու վհուկներ. սարսափել պետք չէ, քանի որ սրանք ընդամենը հայտնի Հելոուինի շքերթի հերոսներն են:
Միջոցառման կազմակերպիչները լիահույս են, որ այս տարվա շքերթը մոտ 60 հազար մասնակից կունենա: Մասնակիցներից շատերը տարազներ են կրում, շատերը հսկա տիկնիկներ են իրենց հետ տանում: Հավաքվածներն իրար խաղաղություն, սեր ու երջանկություն են մաղթում և նշում, իրենց հավաստմամբ, «ողջ լինելու տոնը»:
2022 թվականի նյույորքյան Հելոուինի շքերթի թեման «Ազատությունն» է: Տոնական շքերթն անցկացվում է 1973 թվականից: