10 միլիոն դրամ. ճիշտ այսքան է քաղաքային իշխանությունը ծախսում բազմաբնակարան շենքում մեկ վերելակ տեղադրելու համար: Մինչև տարեվերջ 2019-ին մեկնարկած ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում փոխված վերելակների թիվը հասցնել 1000-ի:
Վերելակի ամբողջ համակարգը փոխարինվում է և գրեթե ոչ մի բան հին վերելակից չի մնում:
Ավան վարչական շրջանի բազմահարկերից մեկում մասնագետները հերթական վերելակն են փոխում: Մոտ 40 օրից այս շենքի բնակիչները նոր վերելակ կունենան: Թե որ վարչական շրջաններում, որ շենքերի վերելակներն առաջնահերթ փոխել՝ որոշում են մանրամասն քննարկումներից հետո:
Լևոն Ավետյան, «ՌաֆէլԳրիգ» ընկերության փոխտնօրեն - «Ըստ փորձի՝ վերելակն աշխատում ա ավելի քան 25 տարի, բայց գործարանը երաշխավորում է, որ պատշաճ սպասարկման դեպքում վերելակը 25 տարի անխափան կաշխատի տվյալ հասցեում»:
Նոր սերնդի վերելակները 50 տոկոսով կրճատում են հոսանքի ծախսը, ավելի արագ են աշխատում: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ միայն այս տարի 500 վերելակ փոխելու մրցույթ են հայտարարել: Մեծ մասն արդեն փոխվել է: Տարեվերջին այդ փուլն էլ կավարտեն, գործընթացը կշարունակեն հաջորդ տարի:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Հաջորդ տարվա համար մենք նախատեսել ենք, որ փոխարինում կիրականացնենք նախնական 700 վերելակների: Էս պահի դրությամբ գույքագրումն ավարտվել է, և մոտակա ժամանակում մրցույթ կհայտարարենք 2023 թվականի 700 վերելակների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար: Եթե էս ծրագիրն իրականացնենք, կստացվի, որ անհրաժեշտ փոխարինվող վերելակների 50 տոկոսի չափով մենք փոխարինած կլինենք:
Իսկ ծրագրի մեկնարկից առաջ Երևանում փոխարինման ենթակա էր ճանաչվել շուրջ 3500 վերելակ: Երևանյան բազմահարկերում հիմնականում բելառուսական արտադրության վերելակներ են տեղադրվում: Շահագործման հանձնելուց առաջ ԱԻՆ-ի փորձագիտական եզրակացությունը կարևոր է: Մասնավոր ընկերությունը վերելակների որակը երաշխավորում է: Ասում են՝ խափանումներ լինում են, փորձում են արագ արձագանքել: Ամբողջ աշխարհում է այդպես. ամսվա ընթացքում վերելակի մինչև երկու խափանումը նորմայի սահմանում է:
Լևոն Ավետյան («ՌաֆէլԳրիգ» ընկերության փոխտնօրեն) - Նոր սերնդի վերելակները համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին, այսինքն՝ դրանք ավելի անվտանգ են, ավելի հարմար են, ունեն բրալյան շրիֆթ: Շահագործումից հետո վերելակը հանձվում ա ընդհանուր սպասարկման համատիրությանը, իսկ տեխնիկական սպասարկումը մեկ տարվա շրջանակում կատարվում է մեր ընկերության կողմից:
Վերելակների որակի հետ կապված սոցիալական ցանցերում տեղ գտնող դժգոհություններին քաղաքապետ Սարգսյանը համակարծիք չէ, ասում է՝ եթե դրանք ժամանակին, ճիշտ սպասարկվեն, խնդիրներ չեն առաջանա:
Հրաչյա Սարգսյան - Քանի որ վերելակները երկու տարի երաշխիքային ժամկետ ունեն՝ որպես այդպիսին, և դրանից հետո սպասարկման խնդիր է ի հայտ գալու: Հիմա էդ մոդելն ենք քննարկում: Իհարկե, դա իրականացվելու է համատիրությունների միջոցով: Այսինքն՝ այն միջոցները, որոնք ուղղվելու են վերելակների սպասարկման համար, համատիրությունն այդ միջոցները պետք է հավաքի:
Քաղաքային իշխանությունը վերելակների արդիականացման ծրագիրը նախատեսում է ավարտել առաջիկա երեք տարում: Ծրագրի մեկնարկից ի վեր Երևանում ամենաշատ վերելակները փոխվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ամենաքիչը՝ Քանաքեռ-Զեյթունում: