Մշակութային, արկածային և գաստրոտուրեր. զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել է դեպի Հայաստան ճանաչողական այցերի հերթական նախագիծը: Հոկտեմբերին ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից, Գերմանիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից մեդիաոլորտի ներկայացուցիչներ են մեր երկիր այցելել:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն արդեն 10 տարուց ավելի է՝ իրականացնում է ճանաչողական այցեր տարբեր ձևաչափերով, բայց այս տարին առանձնահատուկ էր, քանի որ մայիսին մենք ներկայացրինք Հայաստանի նոր բրենդը և այս բրենդով արդեն նոր ծրագրեր ենք անում, ճանաչողական այցեր այդ թվում:
Կարգախոսն է Armenia the hidden track՝ «Հայաստան. թաքնված ուղի». արտասահմանցի մեդիաներկայացուցիչներն ու լսարան ունեցող մարդիկ բացահայտում են Հայաստանն ու տարբեր հարթակներում ներկայացնում մեր երկիրը, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Ճանապարհածախսը, բնակության վայրն ու հյուրասիրությունը հոգում է հրավիրող կողմը:
Աննա Մարգարյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Ֆինանսավորման տարբեր մասեր նաև մեզ օգնում են մեր գործընկերները այստեղ, օրինակ, հիմա ունենալու ենք Վրաստանի՝ մեր հարևան ազգի, Վրաստանի ներկայացուցիչների համար այց նախատեսված, և փորձում ենք ամեն այցը որևէ հետաքրքիր միջոցառման հետ կապել:
Հրավիրյալների ընտրության ժամանակ թիրախային ռազմավարությամբ են առաջնորդվում. լսարանը, որն ունեն այդ մարդիկ, զբոսաշրջային տեսանկյունից պետք է արդյունավետ լինի մեր երկրի համար:
Սամվել Վանյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նոր զբոսաշրջային արդյունքի զարգացման պատասխանատու) - Տվյալ պարագայում, ԱՄԷ-ն զբոսաշրջության համար թիրախային շուկա է, և փորձել ենք գտնել իրենց միջավայրում ազդեցություն ունեցող ինֆլյուենսերների, որոնք կիսվում են զբոսաշրջությանը վերաբերող կոնտենտով:
Նախորդ ամիս Արաբական Միացյալ Էմիրություններից 6 հոգու են հյուրընկալել. նրանք այցելել են Հայաստանի տարբեր տեսարժան ու պատմամշակութային վայրեր, և փորձառությունն ու կարծիքը կիսել իրենց լսարանի հետ:
Սամվել Վանյան - Վայրերի ընտրությունը ՀՀ-ում պայմանավորված է մեր թիրախային ուղղություններով, որոնք ուզում ենք առաջխաղացնել մեզ համար թիրախային հանդիսացող երկրներում:
Այցերը շարունակական են լինելու. առանց մանրամասները բացահայտելու տեղեկացնում են՝ դեկտեմբերին մեծ միջոցառում է նախատեսված, որի շրջանակում արտասահմանցիների նոր խումբ է Հայաստան ժամանելու:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան