ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:
Համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում առնվազն 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները:
Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները՝ ըստ ցուցաբերած արդյունքների՝
-
70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,
-
80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,
-
90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով:
Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները:
Սահմանվել է, որ դրույքաչափի փոփոխությունը և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվում են՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հիշեցնենք, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը:
2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝
-
30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը),
-
40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը),
-
50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):
Նշենք նաև, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը:
2023 թվականից սկսած՝ ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։