ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներին։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ոլորտի կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։
Միության նախագահ Վարդան Ջհանյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ոլորտում առկա հարցերը, խնդիրները։ Մասնավորապես մատնանշվել է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ առաջացող մարտահրավերները, որոնց հետևանքները լրացուցիչ զգոնություն են հաղորդում ոլորտին։
Այս համատեքստում պետություն-մասնավոր երկխոսության ավելի ինտենսիվ համագործակցությունը հնարավորություն կտա հանքարդյունաբերության ոլորտում առաջացող խնդիրները փորձել կարգավորել նախնական փուլում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական և աշխատանքային կարգով քննարկել բարձրացված հարցերը և հնարավոր լուծումները։