Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում շինարարության ծավալը կազմել է՝ 300 մլրդ 215 մլն դրամ: 9 ամսում այն աճել է 14.3 տոկոսով: Հիմնական աճն ապահովել է կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը. այն աճել է 33.5 տոկոսով: Նրանք իրականացնում են ընդհանուր շինարարության 47 տոկոսը, պետբյուջեի միջոցներով կատարվում է մոտ 28 տոկոսը, իսկ մոտ 20 տոկոս կազմում է բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը, մնացածը համայնքներին (4.1%) և մարդասիրական օգնության միջոցներին է բաժին ընկնում (0.9%):
Արթուր Մխիթարյան (շինարարական ընկերության տեղամասի պետ) - Մեզ մոտ հիմնային աշխատանքները, այսինքն` ֆունդամենտալ, աճել են մոտավորապես 60 տոկոսով, ներքին հարդարմանը` 20-30 տոկոսով:
Շինարարական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ առնվազն մինչև 2025 թվականը շինարարության ծավալները կաճեն, քանի որ մի քանի տարվա ծրագրեր ունեն: Ավելացել է նաև աշխատակիցների քանակը նախորդ տարվա համեմատ:
Արթուր Մխիթարյան - Մեր աճող ծավալներին, կարելի է ասել, արդեն չի բավարարում և՛ մասնագետների թիվը, և՛ նույնիսկ բանվորական ուժը: Պահանջարկը միշտ կա, ու տարեցտարի մենք զգում ենք աշխատողների պահանջ:
Ըստ կառուցվածքի` ամենաակտիվ շինարարությունն անշարժ գույքի ոլորտում է իրականացվում՝ 35.6 տոկոս, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում՝ 18.2, էլեկտրականության և գազի հետ առնչվող ուղղություններում՝ 16.7 տոկոս:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Շինարարությունը բազային ոլորտ է մնացած ոլորտների զարգացման համար, և հենց շինարարության ոլորտն է, որ ստեղծում է այն ենթակառուցվածքները, որոնք երկարաժամկետ հորիզոնում աճ են ապահովում մյուս ոլորտների համար: Սկսած ամենապարզագույն՝ գյուղատնտեսության ոլորտից, մասնավորապես՝ վերջին շրջանում բավականին պոպուլյար դարձած ջերմոցների շինարարությունից, վերջացրած, իհարկե, արդյունաբերության ոլորտով, որտեղ առանց շինարարության` նոր, հավելյալ արդյունքի ստեղծումը գործնականում ուղղակի անհնար է:
Շինարարության 42 տոկոսը Երևանին է բաժին ընկնում, հաջորդում են Կոտայքի և Սյունիքի մարզերը: Մասնագետները կարևորում են, որ որոշակի ապակենտրոնացման գործընթաց կա այս ոլորտում: Հայկ Բեջանյանի խոսքով՝ շինարարության այս կտրուկ աճը երկարաժամկետ չի լինի:
Հայկ Բեջանյան - Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում էստեղ գերիշխում են կարճաժամկետ գործոնները: Հատկապես մեծ է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական տրանշի ազդեցությունը էս ցուցանիշների գոյացման վրա, ինչպես նաև հատկապես եկամտային հարկի վերադարձով պայմանավորված՝ նորակառույց բնակարանների շահագործման հանձնելու պրոցեսը:
Շինարարության առումով Հայաստանում այս տարի ամենաակտիվ ամիսը, ըստ ծավալների, եղել է սեպտեմբերը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան