Իրաքյան Քուրդիստանում բնակվող հայերին և ցեղասպանությունից տուժած եզդիներին հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկվել: Հայաստանի կառավարության հատկացրած միջոցները հասել են 151 ընտանիքում բնակվող 439 հայի:
Արշակ Մանուկյան (Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս) - Տպագրեցինք այ այսպիսի չեկեր, որի վրա նշված է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հումանիտար օգնություն: Հետևի կողմում չեկի նոմինալ արժեքն է, ինչպես նաև համարը, և յուրաքանչյուր հայի տրվեց այպիսի երկու չեկ, այսինքն՝ 100 դոլար արժողությամբ երկու չեկ:
Ցեղասպանությունից փրկված եզդիներին հումանիտար օգնությունը տրվել է՝ հաշվի առնելով Իրաքյան Քուրդիստանի Ներքին գործերի նախարարության տրամադրած կարիքների ցուցակը: Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը նշում է՝ առաջնահերթ նպատակ է սահմանվել շուրջ 900 պատառոտված վրանում բնակվող եզդիների կենսական պայմանների բարելավումը:
Արշակ Մանուկյան - Գնահատման արդյունքում պարզեցինք, որ շտապ փոփոխման ենթակա է 840 վրան, և Բարզանի բարեգործական հիմնադրամը տրամադրեց վրանները, մեր ունեցած գումարներով վճարեցինք վրանները փոխելու աշխատանքները:
Հայաստանի կառավարության հատկացրած 80 հազար դոլար օգնությունից 100-ական դոլար է բաժանվել նաև 49 որբ երեխայի, տաք ծածկոցներ են բաժանվել 164 անձի, աշակերտների համար գնվել են գրենական պիտույքներ: Ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հայաստանի անունից եզդիներին տրամադրվող օգնությունը կարևոր քայլ է համարում:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ես կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ գիտակցում է, թե եզդիներն ինչպիսի վիճակում են հիմա, և ցանկացած նախաձեռնության աջակցում է:
Հումանիտար օգնությունը տեղ հասցնելու առաքելության շրջանակում Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Զրույցների ընթացքում արձանագրվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը. այժմ այն կազմում է շուրջ 190 մլն դոլար: Հայ և իրաքցի գործիչներն այդ թիվն ավելացնելու հեռանկար են տեսնում:
Ռուստամ Բաքոյան - Մենք հետաքրքրություններ ունենք այդ տարածաշրջանի նկատմամբ, և իրենք էլ մեր տնտեսության նկատմամբ հետաքրքրություններ ունեն:
Ռուստամ Բաքոյանն արձանագրում է՝ ակտիվ զարգանում են նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները, առաջիկայում սպասվում է Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան