Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին:
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը ջերմորեն ողջունել է հայ գործընկերոջը` վերահաստատելով Ֆրանսիայի, մասնավորապես, Սենատի համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Ֆրանսիայի հասցեական, սկզբունքային և անաչառ դիրքորոշումն ինչպես 2020 թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ և դրան հաջորդող շրջանում:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի, ներխուժման հետևանքները, ընթացող բանակցային գործընթացը և ադրբեջանական իշխանությունների` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները:
Բարձր գնահատելով ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող բանաձևի մշակումը և նոյեմբերի 15-ին նախատեսվող քվեարկությունը` Հակոբ Արշակյանն ընդգծել է առարկայական աջակցության կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում հավասարակշռության և կայուն խաղաղության հաստատմանը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: