ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին:
«Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը, լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ է կարևորվում: Մեր նպատակը հետազոտությունների վրա նորարարական գաղափարների ներդրումն ու պիլոտային ծրագրերի իրականացումն է: Մինչ այդ՝ ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները վերլուծությունների և ուսումնասիրությունների միջոցով պետք է կարողանան հայտնաբերել դաշտում առկա խնդիրները, առաջարկել համակարգային լուծումներ՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա: Այդ գործընթացի կարևոր բաղադրիչներ են փորձագիտական խմբերի փոխգործակցությունը և փորձագիտական վերլուծությունները մասնագիտական բոլոր հարթակներում ներկայացնելը՝ ակադեմիական հանրության շրջանակում բարձրացնելով իրազեկման մակարդակը»,- հանդիպման ընթացքում ասել է Կարեն Թռչունյանը և հավելել, որ հարկ է կազմել առնվազն երկու տարվա գործողությունների պլան՝ սերտ համագործակցելով Բոլոնիայի փորձագիտական խմբի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Փորձագիտական խմբի անդամ, «Erasmus+»-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան տեսապատկերների միջոցով ներկայացրել է «Erasmus+» ծրագրերի միջազգային հարթակը, փորձագետների կողմից առաջարկվող գործողությունների պլանը, առաքելության նպատակները, թիրախային խմբերի հետ աշխատանքի տեսլականը, ինչպես նաև «Erasmus+» գրասենյակի պատասխանատվության ներքո գտնվող գործառույթներն ու կրթական գերատեսչությունից ակնկալվող աջակցությունը:
«ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք աջակցություն որդեգրած քաղաքականության գաղափարի իրականացման գործընթացին՝ խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների, քննարկումների, մեդիայի հետ աշխատանքի, արդյունքների հանրայնացման և ակադեմիական հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Նախարարությունը տալիս է ռազմավարական այն ուղիները, որոնցով նախանշվում են մեր գործողությունները»,- ընդգծել է Լանա Կառլովան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նույնպես կարևորել է գործող և արդեն իսկ ավարտված ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Բուհերը պետք է համագործակցեն և տեղյակ լինեն, թե ինչպիսի ծրագրեր են գործում, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարող են օգտվել դրանցից: Փորձագետները նույնպես պետք է ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացում՝ բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնելով ոլորտի հնարավորությունները, իրականացված և սպասվող ծրագրերը: Պետք է դուրս գալ սեփական բուհի շրջանակից և փորձի փոխանակում իրականացնել` ընդգրկելով ավելի շատ թվով բուհեր»:
Հանդիպման ընթացքում փորձագիտական խմբի անդամները նախարարի տեղակալի հետ քննարկել են նաև մի շարք աշխատանքային հարցեր: