ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է հնարավորություններ ստեղծել Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Կուրասաոյից։
Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը․ «Հայաստանում բիզնեսի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը ֆինանասական միջոցների հասանելիությունն է։ Մենք ունենք նորմալ աշխատող բանկային համակարգ, բայց չունենք բիզնեսը ֆինանսավորող մյուս բոլոր շերտերը, և Կառավարության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրները։
Այս համաժողովը շատ կարևոր է մեզ համար, և մենք անպայման ցանկանում ենք տեսնել արդյունքներն ու մասնակցել արդյունքների կերտմանը»: