ԿԱՎԵԼԱՑՎԻ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Եգիպտոսում շարունակվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: Պետությունների ղեկավարների և համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում բնապահպանական հրատապ խնդիրներն են: Համաժողովի օրակարգային գլխավոր հարցը ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումն է, որը մասնագետնեը համարում են գլոբալ տաքացման շարժիչ ուժը: Համաժողովի ընթացքում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իր երկիրը մինչև 2025 թվականը զարգացող երկրներում բնապահպանական խնդիրների լուծման նպատակով կավելացնի ներդրումները հասցնելով մինչև 1,8 միլիարդ եվրոյի: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ հաստատել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է մեծացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար նախատեսվող ծախսերի բյուջեն: Սունակի խոսքով՝ Լոնդոնը կլիմայի հիմնադրամին կտրամադրի ավելի քան 11,6 միլիարդ ֆունտ: Իտալիայի նոր վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան շարունակում է աշխատել Փարիզի համաձայնագրի պարտավորությունների շրջանակում:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինայի գործն է՝ որոշելու այն պայմաններն ու ժամանակը, երբ պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել»,- հավելել է Մակրոնը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։ Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա առաջարկ անողների միջնորդական ջանքերը պահանջված կլինեն։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր ԱՄՆ տեղի կունենան միջանկյալ ընտրություններ: Ընտրությունները կորոշեն, թե արդյոք դեմոկրատները կպահպանե՞ն մեծամասնությունը, թե՞ հանրապետականները կգրավեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Ընտրությունները ծավալվելու են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի, ինչպես նաև 36 նահանգների օրենսդիր մարմինների, պետքարտուղարների և նահանգապետների պաշտոնների համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նահանգում կայացած հանրահավաքից վերադառնալուց հետո հայտարարել է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել: Հարցին, թե ինչպես կփոխվի երկրում իրադրությունը հանրապետականների կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում վերահսկողության հաստատման դեպքում, Բայդենը պատասխանել է, որ ավելի դժվար կլինի:
ԱՄՆ-ՌԴ ՇՓՈՒՄ՝ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ վաղ անցյալում շփվել է ՌԴ-ի հետ, որպեսզի նվազեցնի միջուկային զենքի կիրառման ռիսկերը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել ռուս բարձրաստիճան անձանց հետ Սալիվանի գաղտնի բանակցությունների մասին։ «Ես կարծում եմ, որ կապի ուղիների պահպանումը բխում է Միացյալ Նահանգների շահերից»,- նշել է Սալիվանը։