Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն` 2023 թվականի հունվարի 1-ից Ազգային ժողովի հատուկ նիստերը և խորհրդարանական լսումները խորհրդարանի պաշտոնական կայքում կհեռարձակվեն սուրդոթարգմանությամբ: Որոշման համար հիմք է հանդիսացել նաև «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմումը:
Կազմակերպության նախագահը սուրդոթարգմանությունով հեռարձակումների ավելացումը ողջունում է, բայց շեշտում՝ կա մասնագետների որակավորման խնդիր:
Մարինե Հարությունյան («Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ) - Օրինակ, խորհրդային տարիներին սուրդոթարգմանիչների խնդիր չի եղել, նրանք որակավորում են ստացել, բայց հետագայում նոր թարգմանիչները որակավորում չեն ստացել, և մենք շատ ենք ցանկանում, որ մասնագետները վերապատրաստվեն, համապատասխան որակավորում ստանան: Հիմա մենք ժեստերի լեզվի դասընթացներ ունենք:
Դասավանդողներից մեկն էլ 10 տարուց ավելի սուրդոթարգամանության փորձ ունեցող Գոհար Մելիքյանն է: Նա նույնպես շեշտում է՝ լուծում պահանջող խնդիրներից առաջնայինը սուրդոթարգմանիչների պակասը լրացնելն է: Նրանց թիվը չի հասնում 2 տասնյակի:
Գոհար Մելիքյան (ժեստերի լեզվի մասնագետ) - Հիմա բոլոր հեռուստաընկերություններում պահանջում են ժեստերի լեզվի մասնագետ, որոշակի հաղորդումներ, որ անպայման լինեն ժեստերի լեզվի թարգմանությամբ: Բացի դրանից՝ հիմա բոլոր միջոցառումներում ցանկանում են պահել ներառականության տարրը, ինչը շատ ողջունելի է և էլի իր հետ բերում է մասնագետների պահանջ:
Ժեստերի լեզվի մասնագետի խոսքով՝ միավորման դասընթացներն ու մանկավարժական համալսարանի սուրդոմանկավարժության բաժինը չեն կարող ժեստերի լեզվի լիարժեք թարգմանիչներ պատրաստել:
Գոհար Մելիքյան - Ինչ-որ մի ֆակուլտետ բացվի ժեստերի լեզվի մասնագիտական կրթության, որտեղ, օրինակ, ինչպես ԱՄՆ-ում է, ինչպես շատ այլ երկրներում է, բացարձակ պարտադիր չէ, որ անձը ունենա ընտանիքում լսողական խնդիր ունեցող անդամ, իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, թարգմանչի մակարդակի տիրապետում են միայն այն մարդիկ, ովքեր ունեն ընտանիքում լսողության խնդիր ունեցող անձ:
Մյուս կարևոր խնդիրը, ըստ միավորման անդամների, աշխատանք գտնելու հարցն է: Հայաստանում շատ տնտեսվարողներ լսողական խնդիրներ ունեցողներին աշխատանքի չեն ընդունում հաղորդակցման բարդությունից խուսափելու համար, ինչի հետևանքով լսողական խնդիրներ ունեցողներից շատերի զբաղվածության հարցը այդպես էլ չի լուծվում:
Մարինե Հարությունյան - Կան, իհարկե, երիտասարդներ, որ Այ Թի ընկերություններում են աշխատում, բայց դա շատ չնչին տոկոս է կազմում: Մենք կուզենայինք, որ լսողության խանգարում ունեցողները, օրինակ, կարի ֆաբրիկաներում աշխատեին, ինչպես խորհրդային տարիներին էր: Այն ժամանակ նրանց համար աշխատանք գտնելը խնդիր չէր, իսկ հիմա մեր բազմաթիվ շահառուներ դիմում են ու մերժում ստանում:
Լսողական խնդիրներ ունեցող Արայիկ Գալստյանն ասում է՝ ամեն շաբաթ իրենք իրենց զբաղեցնելու համար հավաքվում են Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում, քաղաքական, սոցիալական հարցեր քննարկում:
Արայիկ Գալստյան («Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շահառու) - Լսողության խանգարում ունեցողներին շաբաթվա կարևորագույն նորություններն եմ պատմում, օրինակ՝ այսօր պատմել եմ հայ-իրանական հարաբերությունների վերջին զարգացումները:
Մարինե Հարությունյանը նշում է՝ ԱԺ նախագահի հետ վերջերս քննարկել են երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացման, հավասար մեկնարկային պայմանների ստեղծման հարցերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալով` Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3280 մարդ: