Բիզնեսը, պետական հիմնարկներն ու ՀԿ-ներն արդեն կարող են իրենց թույլ տալ արտասահմանից բարձրակարգ ու թանկարժեք փորձագետ հրավիրել իրենց մոտ գործի։ Նրանց աշխատավարձի մի մասը պետությունը, ինչպես և խոստացել էր, սկսում է սուբսիդավորել։ Մի քանի օր է, ինչ մեկարկել է հայտերի ընդունումը՝ անոնսում են աջակցության փաթեթը մշակած Հայաստանի ներդրումային խորհրդից։
Հովսեփ Պատվականյան (Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար) - էկոնոմիկայի նախարարության տված տվյալների հիման վրա այս պահին արդեն 500 հոգի դիմել է ծրագրի համար: Մեկ շաբաթվա ընթացքում:
Պատվականյանը շեշտում է․ բյուջեն լրացուցիչ ֆինանսական բեռ է վերցնում բարձր որակավորում ունեցող ֆինանսիստ, ագրոնոմ, տեխնոլոգ և այլ մասնագետների միջոցով տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու համար։ Խոսքը աշխարհի մասշտաբով լավագույն ԲՈՒՀ-երն ավարտած կամ Ֆորբսի, Հեդհանթերի, Նիկեյի կարգի ռեյտինգային ընկերություններում առնվազն 10 տարի աշխատած կադրերին այստեղ բերելու մասին է․ կապ չունի՝ նրանք ժամանակին Հայաստանի՞ց են գնացել, Սփյուռքի՞ց են, թե՞ այլազգի, կարևորը՝ այստեղ գալու ճանապարհին վարձատրության չափն այլևս խոչընդոտ չդառնա։
Հովսեփ Պատվականյան - Մեր նպատակն այն է, որ նմանատիպ փորձագետները, որ Հայաստան են ուզում գալ, բայց չեն կարող, որովհետև աշխատավարձերը ցածր են, իսկ բիզնեսը նրանց կարիքը շատ է զգում, այս մասնագետներին ուղղորդենք Հայաստան: Բարձրակարգ ինժեների, բարձրակարգ ծրագրավորողների, որպիսիք այս պահին Հայաստանում գրեթե անհնար է գտնել, աշխատավարձերը տատանվում են 5 մլն-ից մինչև 10 մլն, և նրանց փոխհատուցումը կարող է հասնել 20-70 տոկոսի:
20 տոկոս հատուցման գումարը ամսվա կտրվածքով մինչև 1 մլն դրամ է։ Առավելագույն 70 տոկոսի դեպքում 2 մլն-ի կարգի գումար կստանա այն ընկերությունը, որի ներգրաված մասնագետը ունենա կա՛մ դոկտորի կոչում, կա՛մ աշխատանքային փայլուն կարիերա ու այստեղ գործի հետ նաև կդասավանդի մեր համալսարաններից մեկում, այսինքն՝ նոր կադրեր կկրթի։
Աշխատավարձի սուբսիդավորման ծրագրով պետությունը որևէ ոլորտ չի առանձնացրել։ Տարբերություն չի դնի նաև՝ դիմող բիզնեսը հայկակա՞ն, թե՞ օտարերկրյա կապիտալով է: Օրինակ՝ մեր IT ընկերությունների հետ կֆինանսավորի նաև Հայաստանում վերջին ամիսներին ակտիվ օֆիսներ բացող ռուսական կազմակերպություններին, եթե հարկերն այստեղ վճարեն։
Հովսեփ Պատվականյան - Պարտադիր պայման է, որ լինի Հայաստանի հարկային ռեզիդենտ, այսինքն՝ հարկերը պետք է այստեղ վճարեն: Չափանիշներից մեկն այն է, որ վերջին 12 ամսվա մեջ վերջին 2 ամիսը պետք է աշխատած լինի Հայաստանում:
Ինչ այլ պահանջներ են սահմանված՝ կարելի է գտնել ինտերնետում՝ ծրագրից օգտվել ցանկացող գործատուներին հուշում են ICаrmenia-յից։
Կայքում հնարավոր է նաև նախապես ստուգել՝ տվյալ մասնագետին, որին հրավիրում ու պահանջած փողը տալիս են, գումարի մի մասը պետությունը կփոխհատուցի՞։ Այո կամ ոչ՝ դիմումի պատասխանը ծրագիրն է տալիս, ընտրության հարցում մարդկային գործոն չկա։
Հաստատված դիմումի դեպքում արդեն գործատուն եռամսյակը մեկ իր հաշվին Պետեկամուտների կոմիտեից հետ է ստանալու աշխատողի վարձատրության սուբսիդավորված գումարը։ Ըստ կանխատեսման՝ այս ծրագրով արտասահմանից Հայաստան կգա տարեկան առնվազն 400 որակյալ մասնագետ․ նրանց գործատուներին պետությունը ֆինանսապես աջակցելու է մինչև 2025 թվականի ավարտը։