Ատեստավորում կանցնեն նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում դասավանդողները: Փաթեթն առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում է, փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա շարունակությունն է պետության որդեգրած քաղաքականության, որը թույլ կտա այս պահին շուրջ 7000 մասնագետի զարգացնել հմտությունները՝ ունենալով բարձր աշխատավարձ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Առնվազն կա պատկերացում, որ չափը պետք է լինի անալոգիայի սկզբունքով, նույն տրամաբանությամբ, որովհետև մենք խոսում ենք կրթության ոլորտի աշխատավարձերի մասին ու պետք է համաչափ մոտեցման սկզբունքով գնանք:
Ի տարբերություն հանրակրթության՝ այս օղակում աշխատավարձներն ավելի ցածր են, հետևաբար բարձրացումը պետք է ավելի նկատելի լինի՝ ասաց փոխնախարարը: Առայժմ քննարկում են՝ որ ուղղվածությունից սկսել ատեստավորումը. մասնագիտական կրթության հետ գործ ունեն: Անդրեասյանը տեղեկացրեց՝ գործընթացը կսկսեն 24-ի հունվարից ու այս նախագծով կլուծեն նաև քոլեջ-ուսումնարանների ուսանողների տրանսպորտային ծախսերի խնդիրը, փոխհատուցման մեխանիզմ կներդնեն:
Ժաննա Անդրեասյան - Սա բավականին լուրջ խնդիր է և կարող է էական ազդեցություն թողնել որոտում ուսանողների ընդգրկվածության ու հատկապես գյուղական վայրերից ավելի մեծ ընդգրկվածության ապահովման համար:
Երկրորդ ընթերցմանն ընդառաջ հանձնաժողովը հավանություն տվեց նաև Կրթության՝ մինչև 2030-ի զարգացման պետական ծրագրին: Այն մշակվել է՝ հաշվի առնելով ներկա մարտահրավերները, անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին՝ ասաց նախարար Վահրամ Դումանյանը:
ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՄՈՏ
Մեկ այլ նախագծով էլ հանձնաժողովը հավանություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի լրացմանը: Ըստ առաջարկի՝ անկախ ցանցային օպերատորից, հեռուստաալիքների հերթականությունը նույնը կլինի բոլորի մոտ: Սա բխում է և՛ հեռուստաընկերությունների, և՛ հեռուստադիտողերի շահերից՝ շեշտեց հանձնաժողովի նախագահը:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ամբողջական հերթականությունը կլինի հանրապետական սփռում ունեցող ալիքներինը, մայրաքաղաքային, մարզային, միջպետական պայմանագրերով ալիքներինը, հետո նոր, օրինակ... Էս պահի դրությամբ դա ստացվում է 25-ից բարձր ալիքներում, նոր կլինի կաբելային օպերատորներինը՝ իրենց ցանկությամբ՝ որ հեռուստաընկերությանը կուզեն տեղ կտան:
Պատգամավորներն առաջարկում են նաև շտկել, իրենց խոսքով՝ օրենքի բացը և մրցույթում հաղթած հեռուստաընկերության լիզենցիան, օրինակ՝ դատարանի որոշմամբ առոչինչ ճանաչվելու դեպքում, եթերից նրան չզրկել, մինչև նոր մրցույթի կայացումը: Հեղինակների պնդմամբ՝ փոփոխությունը բխում է նաև քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքից:
Սիսակ Գաբրիելյան - Ավելացնում ենք ևս մեկ դրույթ, որը հնարավորության կտա հեռուստաընկերությոններին՝ սեփական դիմումի համաձայն, եթե չի ուզում, կարող է չհեռարձակել, բայց տալիս ենք հնարավորություն, որ դիմում ներկայացնի, ու մինչև նոր մրցույթի անցկացումը հեռուստաընկերությունը կլինի եթերում:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԼԻՆԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ ԴԻՄԵԼԸ
Պետաիրվական հանձնաժողովի նիստում էլ քննարկվեցին հաշտարարության ոլորտում սպասվող փոփոխությունները: Որոշ ընտանեկան գործերով մինչև դատարան հասնելը պարտադիր կլինի հաշտարարի ինստիտուտին դիմելը, կստեղծվի առցանց համակարգ՝ զեկուցեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:
ՏԱՐԵԿԱՆ 2 ՏՈԿՈՍ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Մեկ այլ նախագծով էլ 2024-ի հուլիսի 1-ից Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզության ծառայողները հավելավճար կստանան՝ ծառայության յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս բանաձևը կիրառելիս հաշվի չեն առնելու հատուկ քննչականում ունեցած նախկին ստաժը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Ըստ էության, մենք, կարելի է ասել, գիծ ենք քաշում հահակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի և մինչ այդ եղած աշխատանքի միջև, և անձը, որ յուրաքանչյուր տարի շարունակում է իր աշխատանքը կոմիտեում, բացառապես հակակոռուպցիոն կոմիտում աշխատելու տարիների հաշվարկով է, որ այդ երկու տոկոս հավելավճարն ավելանում է սոցիալական երաշխիքների փաթեթին:
Հանձնաժողովը հավանություն տվեց նաև երկրորդ ընթերցման ներկայացրած նախագծին, ըստ որի՝ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ներկայացուցչական մասնակցություն կունենան նաև Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեները՝ յուրաքանչյուրը 3-ական անդամով: Նրանց կառաջարկեն իրավապահ այդ կառույցների ղեկավարները: