ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին:
Աննա Հակոբյանը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո տեղի է ունեցել տիկինների առանձնազրույցը:
Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի, դրա կարևորության մասին, քննարկել են նաև առաջիկայում համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները:
Վարչապետի տիկինը Էլիզա Ռիդին տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովի շրջանակներում այցելել Իսլանդիա: Մատնանշել է՝ ֆորումը լավ հարթակ է համաշխարհային կարևոր հարցերին անդրադառնալու տեսանկյունից:
Քննարկվել են նաև առաջին տիկնանց ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունները, ինչը թույլ կտա նոր լուծումներ փնտրել կանանց, գենդերային հավասարության և այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են հասարակությունում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությանը, իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր պաշտոններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները, դրա առաջ ծառացած մարտահրավերները, կարևորվել է խաղաղության հաստատումը, ինչը տարածաշրջանում կբերի կայունություն և բարեկեցություն:
Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական ձեռքբերումները:
Էլիզա Ռիդը ներկայացրել է իր գործունեությունը, ընդգծել, որ զբոսաշրջության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան է, ինչպես նաև գործակցում է «Բիզնես Իսլանդիայի» հետ, որը միտված է բարձրացնելու Իսլանդիայի մասին տեղեկացվածությունը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Իսլանդիայի միջև գործակցության հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռեյդին հրավիրել է այցելելուՀայաստան: