ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նախագծի համահեղինակն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Այսօր ունենք 5 տասնյակից ավելի օպերատորներ, անհրաժեշտություն կա, որ կարգավորվի մեր տեսալսողական ծրագրերի հերթականությունը: Քաղաքացիների հարմարավետության և շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար ենք գտնում, որ անկախ նրանից՝ որ օպերատորի միջոցով կդիտեն, պետք է հստակ լինի հեռուստաընկերությունների հերթականությունը: Սա բխում է նաև հեռուստատեսության շահերից, որովհետև իրենք էլ խնդիր ունեն, մի օպերատորի մոտ 10-րդ համարում են, մի տեղ 5-րդում են»,- ասաց Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով՝ մարզային հեռուստաընկերությունները ևս կլինեն հերթականության ցանկում՝ առաջնային դիրքերում:
«Ամբողջական հերթականությունը կլինի հանրապետական սփռում ունեցող ալիքներինը, մայրաքաղաքայինը, մարզայինը, հեղինակազորվածը, միջպետական պայմանագրերովը, հետո նոր կաբելային օպերատորներն իրենց ցանկությամբ, որ հեռուստաընկերությանը կուզեն, տեղ կտան»,- ասաց պատգամավորը:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու և դրա արդյունքում հեռարձակողների իրավունքները և տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև կնվազեցվեն տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները՝ մինչև նոր մրցույթի կայացումը: