ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածի կառուցման աշխատանքների ու այդ հարցում իրանական կողմի մասնակցության մասին:
«Եկեք այդ ճանապարհը բաժանենք 3 մասի՝ Սիսիանից դեպի Քաջարան, առանձին Քաջարանի թունել և Սիսիանից դեպի Ագարակ: Իրանական կողմի ֆինանսավորման մասին քննարկել ենք միայն Քաջարանի թունելի մասով: Այսինքն՝ մյուս երկու կտորների մասով մենք ունենք գործընկերներ, որոնց հետ այդ քննարկումների փուլն անցել ենք, հստակ են ֆինանսավորման աղբյուրները, երկուսի պարագայում էլ ունենք մրցութային գործընթաց: Սիսիան-Քաջարանը բավական վաղ ենք սկսել, մրցույթի առաջին փուլը գրեթե ամփոփեցինք, հիմա անցնում ենք երկրորդ փուլին, այն է՝ այն շինարարական ընկերությունները, որոնք առաջին փուլը հաղթահարել են, նրանց արդեն կտրվի համապատասխան փաստաթղթերը, որպեսզի գնային առաջարկ անեն»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանը նշեց, որ գործընթացը սպասվածից մի փոքր երկար է տևում: Պատճառներից մեկն այն է, որ շատ ընկերություններ են դիմել, ու ներկայացված փաթեթների ուսումնասիրության համար ժամանակ էր պետք:
«Քաջարան-Ագարակ մրցույթը հայտարարել ենք 50 օրով: Հույս ունենք՝ այնտեղ նույնպես մեծ ակտիվություն կլինի, աշխարհում ճանաչված խոշոր շինարարական ընկերություններ կդիմեն:
Իսկ թունելի մասով ցանկություն ունենք Իրան գնացող գծի նման իրանական գործընկերների հետ աշխատել, եթե հնարավոր է՝ կամ իրանական վարկով իրանական ընկերություն աշխատի, կամ նույնիսկ չի բացառվում, որ այդ բյուջեի միջոցներով կարող ենք մեր և իրանական կողմի համար հարմար տարբերակով տալ իրանական ընկերություններին: Կարծում ենք՝ իրանական ընկերությունները նախ՝ կարողություններ ունեն, որոնք անձամբ տեսել եմ, երբ այցելել եմ Իրան, տեսել եմ՝ ինչ թունելներ, կամուրջներ են ի վիճակի կառուցել, նաև կարծում ենք, որ իրանական ընկերությունները կարող են ֆինանսական տեսանկյունից լավ առաջարկներ ներկայացնել»,- ասաց Սանոսյանը: