ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շրջակա միջավայրի բյուջետային հայտը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի շրջանակում գործող միջոցառումներն են:
2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են 17,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2023 թ. հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 7,2 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա և գույք, 2,5 մլն դրամ էլ կուղղվի հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:
«Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրով 602 մլն դրամի տրամադրում է նախատեսվում. 9 ազդակիր համայնք դիմել է սուբվենցիոն ծրագրերի համար:
«Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրին կուղղվի 1 մլրդ 304 մլն դրամ, ինչը 6 ազգային պարկերի պահպանման ծախսերն են: «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 15 մլն դրամ: Նախորդ տավա համեմատ՝ հատկացումը գրեթե կրկնակի ավելացել է:
Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար հատկացում կլինի 118 մլն դրամի չափով: Նախարարի խոսքով՝ միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:
«Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 4 մլն դրամ: Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով կհատկացվի 7 մլն դրամ: «Անտառների կառավարում» ծրագրով իրականացվող միջոցառումների համար նախատեսվում է 2 մլրդ 679 մլն դրամի տրամադրում:
Հայաստանի բնության պետական թանգարանի և Երևանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը 350 մլն դրամ է:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է որոշ ծրագրերի դեպքում ուշադրություն դարձնել արդյունքային ցուցանիշներին: Օրինակ՝ բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով ներառել այնպիսի արդյունքային ցուցանիշ, որը կարտացոլի որսագողության դեմ պայքարը կամ ապօրինի գործողությունների կանխարգելումը: Անտառային տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով էլ, ըստ Գևորգ Պապոյանի, նպատակահարմար է ապօրինի անտառահատումների քանակի և դրանց դեմ պայքարի արդյունքային ցուցանիշներ ներառելը:
Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ անտառների պահպանության մասով Կառավարությունում շրջանառվում է ծառայություն ստեղծելու նախագիծը: Ծառայության տեխնիկական հագեցվածության հարցի լուծմանն ուղղված ծրագիր կա:
«Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք պահպանության կամ խախտումների արձանագրման իմաստով շատ ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք»,- ասել է նախարարը: