ԿՐԵՄԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԻՑ
Կրեմլը Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգությունների մասին լուրերի ֆոնին կոչ է արել զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնառությունը՝ հասնելու կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
Պեսկովն անդրադարձել է նաև մամուլում տեղ գտած հայտարարություններին, թե ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է անցկացնում Վլադիմիր Պուտինի օգնականների հետ:
«Մենք ասելու ոչինչ չունենք... Հարկավոր է դիմել այդ լրատվականներին կամ Սպիտակ տուն»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է խոսելու ուկրաինական կողմի հետ, սակայն Կիևը, Պեսկովի խոսքով, հրաժարվում է բանակցելուց:
Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև խոստացել է այս շաբաթ տեղեկացնել՝ կմասնակցի՞ արդյոք Վլադիմիր Պուտինը Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին:
ԻՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է
Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալված 26 ահաբեկիչները Իրանի քաղաքացիներ չեն՝ ասված է երկրի հետախուզության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը և համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է։ Թեհրան ժամանելուն պես նա անմիջապես կապվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ գտնվում է Իրանում: Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների շարքում եղել են նաև Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Նախարարության տվյալով՝ ահաբեկիչները ծրագրել էին հարձակումներ իրականացնել նաև երկրի հարավարևելյան Զահեդան քաղաքում:
Հոկտեմբերի 26-ին 3 զինված անձ կրակ է բացել Շահ Չերաղ սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել: Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը վիրավորվել են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
ՌԴ 11 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ
«Ռոսավիացիան» կրկին երկարաձգել է ՌԴ-ի կենտրոնական և հարավային 11 օդանավակայանում թռիչքների արգելքը, այս անգամ՝ մինչև նոյեմբերի 15-ը:
Կառույցի մամուլի ծառայության տվյալով՝ փակ են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները:
Ռուսաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայում, մասնավորապես, Կիևում և Կիևի շրջանում, ավելի քան 4,5 միլիոն մարդ զրկված է էլեկտրաէներգիայից՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Իշխանությունները պատրաստվում են էներգետիկայի ոլորտում ցանկացած սցենարի: Մանրամասն մշակում ենք հնարավոր բոլոր տարբերակները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Կիևում և Ուկրաինայի յոթ շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույց է սահմանվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ քննարկվում է նաև ամբողջական հոսանքազրկման սցենարը, որի դեպքում Կիևի իշխանությունները դիտարկում են նաև քաղաքում բնակվող շուրջ երեք միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը։