Հայաստանում ճանապարհների միջին նորոգման այսպիսի ծավալներ ու տեմպ երբեք չեն եղել: Այս տարի միջին նորոգման է ենթարկվում շուրջ 160 կմ հատված: Արդեն ավարտված և ընթացիկ աշխատանքներին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է հետևել:
Առաջին կանգառը Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի Պռոշյան գյուղի սկզբնամասն է: Աշխատանքների 90 տոկոսն արված է: 2022 թ. պետական բյուջեի միջոցներով աջակողմյան 4 կմ հատված նորոգվել է:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար անվտանգության բարելավման աշխատանքներ են իրականացվում Աշտարակ-Մուղնի հատվածում:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Այս հատվածը հայտնի դեպի Մ3 միջպետական հատումն է Մ1 միջպետական հատումին, այսպես ասած Ապարանից եկող ուղղությունը, որ հատվում է Երևան-Գյումրի հատվածին, նախկինում այստեղ բազմաթիվ վթարներ էին, կղզյակները կառուցել ենք, որպեսզի երթևեկությունը կարգավորենք:
16 այսպիսի վթարավտանգ հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս հատվածում գործը դեռ կիսատ է, Սանոսյանի կարծիքով՝ նաև շատ թերի:
Աշխատանքի որակից դժգոհ՝ նախարարը հանձնարարեց վճարել թերությունները շտկելուց հետո միայն: Մ3 միջպետական ճանապարհի Աշտարակ-Սասունիկ-Շահումյան հատվածը՝ շուրջ 8.5 կմ, ևս միջին նորոգման է ենթարկվում:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Սրանք այն դեպքերն են, երբ թեթև կոնստրուկտիվ փոփոխությունների արդյունքում մենք բավական երկարացնում ենք ճանապարհի կյանքը: Այս մեթոդով համեմատաբար քիչ գումար ծախսելով փորձում ենք փրկել այս ճանապարհը հիմնանորոգում գնալուց, որովհետև հիմնանորոգման ժամանակ ծախսերը կրկնակի, եռակի ավելի են:
Ընդհանուր առմամբ, նախարարն աշխատանքների տեմպից գոհ է, եղանակը բարենպաստ է, ամբողջ հանրապետությունում շինարարությունը լայն թափով ընթանում է:
Գնել Սանոսյան - Փորձում ենք մեծ ծավալի շինարարության մեջ որակին ուշադրությունը չկորցնենք, դրանով է պայմանավորված, որ մանրակրկիտ այդ ուղղությամբ նայում ենք, բայց ընդհանուր առմամբ բավական լավ տեմպ կա:
Վերջին տարիներին պետական միջոցներով նորոգվում է միջինում 500 կմ ճանապարհ: Ավելին կարող ենք՝ նշում է նախարարը:
Գնել Սանոսյան - 500 կմ նախատեսված է ասֆալտապատել, բայց մենք իրականում 700 կմ ավել ճանապարհի վրա ունենք աշխատանք: Կառավարությունն իր հերթին գնալով ավելացնում է աշխատանքների տեմպը, և կարծես շինարարները Կառավարության այս տեմպի հետ չեն գալիս:
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մեծամոր հատվածում նույնպես ճանապարհի մաշված վերին շերտը փոխարինվել է 5 սմ հաստությամբ նոր ասֆալտով: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղը նախարարի հաջորդ կանգառն էր:
Սոս Աղաջանյան (Զարթոնքի բնակիչ) - Առաջ փոշին բարձրանում էր, հիմա մաքուր, լավ, ամեն ինչ լավ ա:
Զարթոնք-Արտաշար 2 կմ հատվածը 70-ականներից հետո հիմնանորոգվել է առաջին անգամ: Պետբյուջեից հատկացվել է 305 մլն դրամ: Վարչապետն էր խոստացել, հերթը՝ գյուղ բերող ճանապարհինն է՝ նշում են զարթոնքցիները:
Թերությունների շտկման հանձնարարականներ տալուց հետո նախարարը հիշեցրեց՝ այցելելու է բոլոր շինհրապարակներ, անբարեխիղճ աշխատանքի նկատմամբ հանդուրժող չեն լինելու: