Գյումրիի ավտոկայանին հարակից տնակային թաղամասում արդեն երեք տարի ապրում է Աղավնի Սահակյանի երիտասարդ ընտանիքը։ Երեք տարի առաջ է հարս եկել Արմավիրի շրջանի Սարդարապատ գյուղից։ Այն ժամանակ դեռ չգիտեր՝ ինչպիսին են տնակային պայմանները, և որ տնակ է հարս գալիս։
Աղավնի Սահակյան (Գյումրիի Ավտոկայան տնակային թաղամասի բնակիչ) - Հարս գալուց հետո եմ իմացել, բայց էլի իմ որոշման մեջ բան չի փոխվել։
Տնակում ապրելն ավելի դժվարացավ, երբ փոքրիկը լույս աշխարհ եկավ։ Ամուսնու ընտանիքը ուղիղ 20 տարի է տնակում։
Աղավնի Սահակյան - Ութ հոգի՝ ամուսին, երեխաս, սկեսրայր, սկեսուր, տեգր, տեգերկին և փոքր աղջիկ։ Շատ տեղեր են ապրել տնակներում, հետո եկել հաստատվել են այստեղ։
Գյումրիում պաշտոնական թվերով դեռ 2743 տնակ կա։ Դրանց մի մասը բնակեցված չէ։ Կառավարության նոր որոշմամբ մինչև 2027 թ.-ը հանրապետությունն ազատվելու է բոլոր տնակներից։
Գևորգ Գրիգորյան (Գյումրի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ) - Կառավարության որոշումով՝ լուծման տարբեր եղանակներ, ըստ փուլերի․ առաջին փուլը արդեն սկսված է, տրված է վեց ամիս ժամանակ այն բնակիչներին, որոնք ստացել են բնակարան և չեն ապամոնտաժել։
Բնակարանը ստացած-վաճառածների համար պետությունը մեկ տարի տուն կվարձակալի, մինչև բնակության վայրի հարցը լուծեն: Երկրորդ եղանակը բնակարանի գնման վկայագրի ծրագիրն է։
Գևորգ Գրիգորյան - Կապ չունի՝ պետությունը պա՞րտք է, թե՞ չէ, ըստ անձերի քանակի և առաջնահերթությունների տալու է բնակարանի գնման վկայագիր, բոլորի մասով առանձնահատուկ որոշումներ և լուծման ըստ փուլային տարբեր կատեգորիաներ։
Բնակարանի գնման վկայագիր կստանան այն ընտանիքները, որոնք բազմանդամ են, և տնակից բնակարան է տեղափոխվել ընտանիքի մի մասը, իսկ մյուս մասը դարձյալ մնացել է տնակում։ Ինչպես է լուծվելու այն քաղաքացիների հարցը, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել և սեփականություն էլ չունեն, տնակում են սոցիալապես անապահով լինելու պատճառով: Այս դեպքում ընտանիքը կդառնա աջակցության երրորդ տարբերակի՝ «Սոցիալական բնակարաններ» ծրագրի շահառու:
Գևորգ Գրիգորյան - Որոշումով ասվում է՝ եթե տվյալ քաղաքացին, օրինակ, պայմանական, եկել է Ախուրյանից և չունի սեփականություն, ընտանիքը ճանաչվում է շահառու բնակարանի գնման վկայագրի։ Կգործի նաև սոցիալական բնակարանի տեսքով․ վերջին փուլով բնակարանաշինություն ևս կատարվելու է, հույս ունենք, որ վերջին փուլով անտոկոս վարկավորումով, բայց պետության ծախսը հետ վերադարձնեն տարիների ընթացքում, ողջունելի և երկար սպասված։
Կառավարության ծրագրերով նախատեսվում է առաջիկա հինգ տարում ապամոնտաժել բոլոր տնակներն այնպես, որ որևէ մեկը փողոցում չմնա: Մինչև գալիք տարվա փետրվարի 10-ը ծրագիրը վերջնական տեսք կստանա և կսկսի գործել։