ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության վերաբերյալ հարցին:
«Գրեթե մեր բոլոր հանդիպումներում կա այդ հարցի քննարկումը: Չափազանց կարևոր է այդ գծի կառուցումը՝ հաշվի առնելով, որ դա մեզ հնարավորություն կտա ավել քանակի էլեկտրաէներգիա արտահանել, իսկ մենք նման հնարավորություն ունենք: Այս ծրագիրն իրականացվում է իրանական վարկով, իրանական ընկերություն:
Այդ բանկի ու ընկերության միջև բազմաթիվ խնդիրներ կան, որը բերել է նրան, որ ընկերության վիճակն այնքան էլ կայուն չէ, և աշխատանքները ստաբիլ գրաֆիկով չի կարողանում անել: Մենք նաև ստիպված ենք եղել բանկի հետ քննարկումներ ունենալ, կարծես թե որոշակի դրական կարգավորումներ կան: Վերջին այցի ընթացքում էլ որոշակի բաներ խոսեցինք»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ 2023 թվականին կավարտեն ծրագիրը: