ԿՐԵՄԼԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԻՑ
Կրեմլը Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգությունների մասին լուրերի ֆոնին կոչ է արել զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացման: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնառությունը՝ հասնելու կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
Պեսկովն անդրադարձել է նաև մամուլում տեղ գտած հայտարարություններին, թե Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է անցկացնում Վլադիմիր Պուտինի օգնականների հետ:
«Մենք ասելու ոչինչ չունենք... Հարկավոր է դիմել այդ լրատվականներին կամ Սպիտակ տուն»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է խոսել ուկրաինական կողմի հետ, սակայն Կիևը, Պեսկովի խոսքով, հրաժարվում է բանակցելուց:
Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև խոստացել է այս շաբաթ տեղեկացնել՝ կմասնակցի՞ արդյոք Վլադիմիր Պուտինը Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին:
ԻՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է
Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալված 26 ահաբեկիչները Իրանի քաղաքացիներ չեն, ասված է երկրի հետախուզության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը և համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է։ Թեհրան ժամանելուն պես նա անմիջապես կապվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ գտնվում է Իրանում: Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների շարքում եղել են նաև Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։
Նախարարության տվյալով՝ ահաբեկիչները ծրագրել էին հարձակումներ իրականացնել նաև երկրի հարավարևելյան Զահեդան քաղաքում:
Հոկտեմբերի 26-ին 3 զինված անձ կրակ է բացել Շահչերաղ սրբավայրում, որտեղ այդ պահին ուխտավորներ են եղել: Զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, շուրջ 40-ը վիրավորվել է։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
ՇՈՒՐՋ 80 ՀԱԶԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
Շուրջ 80 հազար մոբիլիզացված ռուսաստանցի ուղարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության գոտի, մասնակի զորահավաքին մասնակցած շուրջ 50 հազար անձ էլ մասնակցում է ռազմական գործողություններին: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ մնացածը դեռևս վերապատրաստվում են համապատասխան զորավարժարաններում:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական բանակի շարքերը համալրել ցանկացողների հոսքը չի պակասում, այդ իսկ պատճառով մոբիլիզացվածների թիվը հասել է 318 հազարի, չնայած նախապես հայտարարվել էր, որ զորակոչվելու է 300 000 մարդ։
ՄՈԼՈՐԱԿԸ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԺՈԽՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է. ԳՈՒՏԵՐԵՇ
Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է՝ մոլորակը «կլիմայական դժոխքի» ճանապարհին է, կլիմայական փոփոխությունները կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել։
«Ջերմոցային գազերի արտանետումներն աճում են, Երկրագնդի ջերմաստիճանը բարձրանում է: Անընդունելի և կործանարար է այս հարցը երկրորդ պլան մղելը: Սա 21-րդ դարի գլխավոր մարտահրավերն է»,- մտահոգություն է հայտնել Գուտերեշը:
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ընտրեն՝ գործակցել կամ տանուլ տալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայմանագրեր կնքել աշխարհի ամենահարուստ և ամենաաղքատ երկրների միջև՝ արագացնելու հանածո վառելիքից հրաժարվելու գործընթացը: Գուտերեշը նաև խնդրել է բոլոր երկրներին մինչև 2040 թվականը դադարեցնել ածխի օգտագործումը: