Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մինչև 2024 թվականի վերջն ավարտին հասցնել ԵՄ անդամակցելու գործընթացը։ Լրատվականը պարզաբանել է, որ միջինում Եվրամիությանն անդամակցության գործընթացը տևում է 9 տարի։ Սակայն Ստեֆանիշինայի խոսքով՝ Ուկրաինան կառույցին միանալու սովորական թեկնածու չէ: Նրա խոսքով՝ Կիևն արդեն բավականաչափ բարեփոխումներ է իրականացրել, մասնավորապես՝ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին էլ նշել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման համար տարիներ կպահանջվեն, նրա խոսքով՝ հնարավոր է նույնիսկ՝ 2 տարուց ավելի, քանի որ դեռ հսկայածավալ աշխատանք կա անելու:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայում, մասնավորապես, Կիևում և Կիևի շրջանում ավելի քան 4,5 միլիոն մարդ զրկված է էլեկտրաէներգիայից՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Իշխանությունները պատրաստվում են էներգետիկայի ոլորտում ցանկացած սցենարի: Մանրամասն մշակում ենք հնարավոր բոլոր տարբերակները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Կիևում և Ուկրաինայի յոթ շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույց է սահմանվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ քննարկվում է նաև ամբողջական հոսանքազրկման սցենարը, որի դեպքում Կիևի իշխանությունները դիտարկում են նաև քաղաքում բնակվող շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը։
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 18 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԾՐԱԳԻՐԸ
Եվրահանձնաժողովը կներկայացնի 2023 թվականի համար Ուկրաինային աջակցության 18 միլիարդ եվրոյի ծրագիրը՝ հայտնել է կազմակերպության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա տեղեկացրել է, որ քննարկել է այդ հարցը Վոլոդիմիր Զելենսկու հետ:
ԵՄ-ն Կիևին օգնություն կտրամադրի նաև «երկարաժամկետ արտոնյալ վարկերի» տեսքով: Դա կարող է նպաստել Ուկրաինայում բարեփոխումներին, որոնք երկրին անհրաժեշտ են հետագայում ԵՄ անդամակցության համար:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇՈԼՑԻ ԵՎ ԲԱՅԴԵՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը. կողմերը հայտարարել են, որ «իրենց հնարավորությունների սահմաններում» կշարունակեն աջակցել Ուկրաինային: Պաշտոնյաներն անդրադարձել են նաև «կեղտոտ ռումբ» կիրառելու մտադրության համար Կիևին ուղղված՝ Մոսկվայի մեղադրանքներին:
Օրակարգում են եղել նաև Օլաֆ Շոլցի՝ Չինաստան այցի արդյունքները: Գերմանիայի կանցլերը և ԱՄՆ նախագահը ողջունել են միջուկային զենքի հնարավոր կիրառման հետ կապված Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հայտարարությունը, այն է՝ միջուկային զենքի կիրառումը և դրա սպառնալիքն անընդունելի են:
ԱՄՆ-Ը ԿԱՋԱԿՑԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Վաշինգտոնը կաջակցի Թուրքմենստանին՝ Եվրոպա գազ մատակարարելու հարցում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն։
«Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Թուրքմենստանը և Բաքուն ավելի քան 20 տարի խոսում են թուրքմենական գազը Եվրոպա մատակարարելու հնարավորության մասին: Այժմ շատ հետաքրքիր պահ է, քանի որ գազի գինը բարձրացել է: Լավ կլիներ, որ Թուրքմենստանի կառավարությունը մտածեր Անդրանատոլիական գազատարի ուղղությամբ»,- ասել է նա։
Լուն հավելել է, որ Վաշինգտոնը կօգնի Թուրքմենստան-Եվրամիություն հնարավոր գազային գործարքին, սակայն թուրքմենական գազ չի գնի, քանի որ ԱՄՆ-ը, նրա խոսքով, շատ գազ ունի։
ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբերը զանգվածային ցույցեր են անցկացրել և իրենց բողորքը հայտնել Պրիշտինային՝ հայտնում են լրատվամիջոցները: Ցուցարարները կոչ են արել կատարել բրյուսելյան համաձայնագրերով նախատեսված պարտավորությունները և չսահմանափակել սերբերի տեղաշարժի ազատությունը։ Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին, որ նոյեմբերի 1-ից տուգանելու են սերբական համարանիշներով երթևեկող քաղաքացիներին։
Կոսովոյի և Մետոխիայում լարվածության աճի մասին լրատվամիջոցները հայտնում էին դեռ երկու օր առաջ: Նշվում էր, որ պետական կառույցներում աշխատող սերբ պաշտոնյաները հեռացել են աշխատանքից:
ԱՎԻԱՎԹԱՐ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 19 ՄԱՐԴ
Տանզանիայում նոյեմբերի 6-ին ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ օդաչուները, ինքնաթիռում եղել է 43 մարդ՝ հայտնել է երկրի վարչապետ Կասիմ Մաջալիվան: Լրատվամիջոցների տվյալով՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը, ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով, 20-ից ավելի մարդ փրկվել է, որոնումները շարունակվում են: