Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք հաջորդ տարվանից կմեկնարկե՞ն շինարարական աշխատանքները, քաղաքապետը պատասխանեց.
«Չէ՛, չեմ կարծում՝ 2023 թվականից սկսենք կառուցել: Նախագիծը կլինի, դրանից հետո մրցույթ կհայտարարվի, հետո արդեն պետք է հասկանանք՝ ինչ ֆինանսական միջոցներով է մետրոյի կառուցումը լինելու, միջազգային կազմակերպությունների՞ց ենք վերցնելու, թե՞ սեփական միջոցներով ենք կառուցելու: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների միջոցներով կիրականացնենք, էներգախնայողության կոմպոնենտներ կան ծրագրում, կարծում եմ՝ հնարավորություն կլինի դրամաշնորհներ ներգրավել»:
Քաղաքապետը նաև հայտնեց, որ արդեն իսկ բյուջեով նախատեսված է 1.1 միլիարդ դրամ գումար տրամադրել նախագծման աշխատանքների համար: