Կատարի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը համակարգված քննադատության է ենթարկվում այն պահից, երբ ստացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։
«Կատարը վրդովված է Գերմանիայի «երկակի ստանդարտների» քաղաքականությունից, որում Բեռլինը մի կողմից ձգտում է համագործակցել էներգետիկ ոլորտում, ներդրումների հարցում, բայց միաժամանակ կասկածի տակ է դնում աշխարհի առաջնությունն ընդունելու Կատարի իրավունքը»,- ասել է արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին, գրում է Reuters-ը:
«Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր ընտրվելուց հետո 12 տարվա ընթացքում Կատարը բախվում է իր դեմ համակարգված արշավին: Երկիրը ստիպված է լսել, որ ինտելեկտուալ և մշակութային առումով պատրաստ չէ ընդունելու աշխարհի առաջնությունը: Զավեշտալի է, երբ այս տոնը հնչում է Եվրոպայի այն երկրներում, որոնք իրենց անվանում են ազատական ժողովրդավարություններ: Դա հնչում է շատ ամբարտավան ու ռասիստական»,- ասել է նախարարը:
Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել է, որ խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքը պետք է տրվի այն երկրներին, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների, ինչպիսիք են «մարդու իրավունքների պահպանումը և կայուն զարգացման սկզբունքները»։ Նրա խոսքով՝ «լավ կլիներ, եթե նման իրավունք չտրվեր այնպիսի երկրներին, ինչպիսին Կատարն է»։
Նենսի Ֆեզերի այդ հայտարարության համար Դոհայում Գերմանիայի դեսպանին կանչել են Կատարի արտգործնախարարություն և պաշտոնական բողոքի նոտա հանձնել:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարի հինգ քաղաքների ութ մարզադաշտում։