Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։
Վարչապետը, ողջունելով նախագահ Խաչատուրյանին, շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական տեսանկյունից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն ու փոխգործակցությունը մշտապես սերտացման և զարգանալու լայն հնարավորություններ ունեն։
Զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը լիբանանցի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել վերջերս կայացած Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վրա, որում վերջինս փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական անհանդուրժողականության դրսևորում՝ հիշատակելով քանդված մզկիթները։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աղերս չունեն իրականության հետ, Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, իսկ հիշատակված քանդված մզկիթները վերաբերում են Խորհրդային Միության ժամանակաշրջանին, երբ հավասարապես մերժողական պետական քաղաքականություն էր վարվում բոլոր կրոնների նկատմամբ, և նույն ժամանակաշրջանում շատ քանդված եկեղեցիներ ևս կան։
Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ անձամբ ներկա է եղել գագաթնաժողովին և կարծիք է հայտնել, որ նմանօրինակ թյուրըմբռնումներից խուսափելու համար Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերն արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ։