Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր անձինք, որոնք մասնակցել են վերջերս Իրանի Շիրազ քաղաքում շիա սրբավայրի վրա կատարված զինված հարձակմանը, ձերբակալվել են: Նախարարության տվյալներով՝ Շահ Չերահի դամբարանի վրա հարձակման կազմակերպման կասկածանքով բերման է ենթարկվել 26 մարդ։ Նրանք Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
«Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացին է, որը Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապվել է Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ արդեն Իրանում է»,- հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանի հետախուզության նախարարությունը նաև նշել է, որ ահաբեկիչները ծրագրել էին ևս մեկ բռնարարք երկրի հարավարևելյան Զահեդան քաղաքում:
Հոկտեմբերի 26-ին զինված ահաբեկիչը, որը Տաջիկստանի քաղաքացի է, անկանոն կրակել էր Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի շիա սրբավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 15 ուխտավոր, վիրավորվել 40-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։