Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1777 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 22-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, 4-ը՝ փոխարինված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ 340 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 659-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 45 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1089 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 115 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 135 անձ։ 9 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 137-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 648-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 14 անձի։