ԵՄ-ն Ուկրաինային արդեն ավելի քան 22 մլրդ եվրո է հատկացրել. Եվրամիությունը կշարունակի Կիևին աջակցություն ցուցաբերել բոլոր հնարավոր միջոցներով: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել է G7-ի պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներին նվիրված ամփոփագրի իր բլոգում: «Մեր անդամ պետությունների հետ միասին ԵՄ-ն ավելի քան 19 մլրդ եվրո է մոբիլիզացրել Ուկրաինայի տնտեսական, սոցիալական և ֆինանսական կայունության համար և 3,1 մլրդ եվրո՝ որպես ռազմական աջակցություն: Մեր օգնությունը նաև ներառում է տեխնիկական աջակցություն Էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման և էլեկտրաէներգիայի լրացուցիչ մշակման ապահովման համար: Մենք նաև կմեծացնենք մեր հումանիտար օգնությունը, որն էլ ավելի հրատապ է դարձել վերահաս ձմռան պատճառով»,- նշել է Բորելը՝ հոդվածում:
Նա իր խոսքում նշել է. «Ուկրաինայի տնտեսությունը գործուն վիճակում պահելը մնում է հանգուցային խնդիր»: Բորելը հիշեցրել է Եվրահանձնաժողովի՝ ավելի վաղ հնչեցրած խոստումը՝ մինչև 18 մլրդ եվրո ընդհանուր գումարի՝ ամսական մինչև 1,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթի հատկացումը, «որպեսզի զգալիորեն ծածկի 2023 թ. ֆինանսավորման Ուկրաինայի կարիքները»: «Մենք նաև քննարկել ենք աշխարհում Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ապահովելու կարևորությունը և լիովին աջակցել սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերին: Չափազանց կարևոր է, որ համաձայնագիրը երկարացվի նոյեմբերի 19-ից հետո»,- ընդգծել է արտաքին գործերի գծով ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան