Սևանի ավազանում տարեցտարի ավելացող ոչ մետաղական հանքավայրերի արբանյակային պատկերները մտահոգել են Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի անդամներին: Ըստ Ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի լուսանկարների՝ վերջին տարիներին ոչ մետաղական հանքերի և՛ քանակը, և՛ ծավալն ավելացել են:
Նոր հանքերը հիմնականում բացվել են Սևանի ավազանի երկու գետերի՝ Մարտունիի և Արգիճիի շրջակայքում:
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ) - Մոտավորապես 38 հանքավայրի մասին է խոսքը, որից, պարզ է, ոչ բոլորն էին թույլտվություն ունեցող: Մենք դիմեցինք Շրջակա միջավայրի տեսչական մարմին, և նրանք մեզ տրամադրեցին տեղեկանք, որ այդ մասում մոտավորապես 8 հանքավայր ունի լիցենզիա: Փաստորեն մնացածը լիցենզիա չունեն:
Ըստ մասնագետի՝ դրանք կա՛մ ապօրինի են, կա՛մ հանքարդյունաբերությունն ավարտած ու չփակված հանքեր են, որոնք վերականգնված չեն: Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովը վերջին տարիներին շրջական միջավայրի գնահատման դիմումներ հաճախ է ստանում՝ ասում է Բարդուխ Գաբրիելյանը, ինչը նշանակում է, որ տարածքը վերածվում է հանքավայրի: Մասնագետները վստահ են՝ այդպիսի դեպքերում առանձին հանքավայրերի համար գնահատում իրականացնելը սխալ է:
Բարդուխ Գաբրիելյան - Եթե առանձին հանքը կարող է այդքան վնաս չտալ, ապա դրանց գումարային ազդեցությունը կարող է բավականին անդարձելի փոփոխություն բերի լանդշաֆտի, դա կարող է լինել լանդշաֆտի դեգրադացիա, որը հետագայում կարող է բերել սողանքների, փլուզումների:
Հանձնաժողովի նույն մտահոգությունները նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կան: Ընդերքօգտագործման ապօրինի դեպքեր են հայտնաբերվել նույնիսկ վերջին շրջայցի ժամանակ:
Վահագն Զոհրաբյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի շահագործման և վերահսկողության բաժնի տեսուչ) - Մենք արդեն հայտնաբերել ենք երեք դեպք, և գործերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում մենք ունենք 25 ընդերքօգտագործողներ, որոնցից 24-ը՝ ոչ մետաղական, 1-ը՝ մետաղական:
Մարզում լայնածավալ ընդերքօգտագործումը, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, բացի լադշաֆտների փոփոխությունից, կարող է գետերի մեխանիկական աղտոտման հանգեցնել, մինչդեռ այդ գետերը ձկների համար ձվադրման լավագույն վայրերն են:
Ըստ էության, մասնագետները հանքարդյունաբերությանը դեմ չեն, սակայն եթե դրանք մեծ տարածքներ են ընդգրկելու, այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել ոչ թե առանձին հանքի շրջակա միջավայրի գնահատում, այլ գնահատումը պետք է լինի ընդգրկուն և ռազմավարական:
Որից հետո միայն պարզ կդառնա, որ հատվածում քանի հանք կարելի է շահագործել: