2022 հոկտեմբերի 31-ից նայեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1053 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի՝ միաժամանակ պատահարների թիվը:
Շաբաթվա ընթացքում արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում: Ականի պայթյունի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի: Դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։ Նա Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ 32-ամյա Ս. Ազարյանն է, ով աշխատում էր Կարմիր գյուղում։
Հրդեհի վերաբերյալ գրանցված 13 կանչերից 3-ը բռնկվել են բնակելի շինությունում, որից 2-ը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: Մյուս 10 դեպքերը գրանցվել են բաց տարածքներում, այգիներում և բնակելի տների ենթատարածքներում: Հրշեջ փրկարարներն արձագանքել և կատարել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները շաբաթվա բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի 25 ահազանգերին օպերատիվ արձագանք են տվել: Փրկարարները կատարել են փակված 6 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու բուժհաստատության տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք:
Ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ ստացվել է 2 կանչ: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել պատահարներից տուժած 2 քաղաքացու և տեղափոխել համապատասխան բուժհաստատություն:
911 ահազանգման կենտրոնում 7 օրվա ընթացքում ստացվել է նաև կենցաղային 25 և սոցիալական բնույթի 27 կանչ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները հոգեբանական աջակցություն են ցուցաբերել 6 քաղաքացու:
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ մեկտեղ, անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարել են 6 ելք:
Հայտնաբերվել է 16016 միավոր ռազմամթերք, այդ թվում՝ 1 հակատանկային, 61 ականանետի և 28 միավոր հակահետևակային ական, 49 միավոր հրթիռ, 3-ական միավոր հրթիռակասետային և գնդիկաբեկորային ավիառումբ, 984 արկ, 14686 միավոր փոքր տրամաչափի զինամթերք, 30 հատ ձեռքի և «ՊԳ-7» տեսակի 28 նռնականետի նռնակ:
ՆԳ նախարարությունը և ենթակա բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումները շարունակում են 24-ժամյա ծառայություն մատուցել հանրապետության ողջ տարածքում: