ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, խորհուրդներ և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Բերդ համայնքի համայնքապետի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի համայնքապետարանի տեղակալին՝ իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելուն, ինչի արդյունքում 2022 թվականի օգոստոս ամսին «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ վերջինիս հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց, որը դրսևորվել է 2022 թվականի օգոստոս ամսին աշխատակազմի քարտուղարի կողմից իր աշխատասենյակում մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում պահանջելով, որպես ավագանի թեկնածություն առաջադրել և դրանով ներկայացնել գործող համայնքի ղեկավարի թիմը: Ապա, 2022 թվականի օգոստոսի 22-ին Բերդ համայնքի համայնքապետարանի տեղակալի կողմից «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին ծանուցում ուղարկելով՝ նշելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված կարգով «Բերդի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և նրա միջև կնքված հիշյալ պայմանագրի գործողությունը սույն թվականի սեպտեմբերի 5-ին դադարեցնելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդի համայնքապետի տեղակալի և նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Նրանցից երկուսը կալանավորվել են:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: