Տարեկան ծրագրով ավարտվել է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը. նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մալուխները տեղափոխվել են դիտահորեր, տեղադրվել է 125 նոր հենասյուն:
Ամբողջությամբ ավարտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի 25 փողոցի և բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Վերակառուցվել և արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթի զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը:
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքի մեջ են Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում:
Կառավարության որոշմամբ մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և ՍՊ-6 սլաքային փոխադրիչների պահեստամասեր ձեռք կբերվեն: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախագծի նպատակն է մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների ապահովումը և նրա հետագա գործունեության բարելավումը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:
Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն հատուկ ճաղավանդակները:
Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանն այսօր ՃՈ-ի հետ մի քանի լուծում է նախանշել: Քաղաքի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը: Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը:
Զեկուցվել է, որ այս շաբաթվանից «Շտապբուժօգնություն» ընկերության շարժակազմը կապահովվի ձմեռային անվադողերով: Երևանի քաղաքապետն առաջարկել է համայնքային ենթակայության կառույցներում փոխարինված այն անվադողերը, որոնք այլևս անհրաժեշտ չեն, զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցով ուղարկել սահման: