Կրեմլը չի մեկնաբանում The Wall Street Journal-ի հրապարակումը, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ Ուկրաինայի հարցով, սակայն նշում է, որ բրիտանական և ամերիկյան լրատվամիջոցները բազմաթիվ կեղծ տեղեկություններ են հաղորդում:
«Մենք ոչինչ չունենք ասելու այդ հրապարակման մասին: Անգլո-սաքսոնական թերթերը տպագրում են բազմաթիվ կեղծ լուրեր: Դուք պետք է կապվեք կա՛մ թերթի, կա՛մ Սպիտակ տան հետ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը:
The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ՝ Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելու և միջուկային զենքի օգտագործումը թույլ չտալու նպատակով։ Ընդ որում, ըստ պարբերականի, հակամարտության կարգավորման հարցը բանակցություններում ներառված չէ: