Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հիրոսիմայի և Նագասակիի վրա միջուկային հարձակումներին, ինչն էլ անհանգստացրել է արևմտյան առաջնորդներին, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Պուտինը կարծիք է հայտնել, որ ռմբակոծությունները, որոնք հանգեցրին Ճապոնիայի կապիտուլյացիային և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ցույց տվեցին, որ «հաղթելու համար չպետք է հարձակվել խոշոր քաղաքների վրա»։
ԱՄՆ-ը 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա երկու ատոմային ռումբ նետեց: Ռմբակոծությունների հետևանքով զոհվեց 129-226 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Օգոստոսի 15-ին Ճապոնիան կապիտուլացվեց։
Աղբյուրը նշել է. «Մակրոնն ակնհայտորեն անհանգստացած էր։ Դա հնչել է որպես շատ լուրջ ակնարկ, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսական զորքերը մեծ ձախողումներ են ունենում՝ միաժամանակ Կիևը թողնելով անձեռնմխելի»:
Պաշտոնյաները զգուշացրել են, որ ՌԴ նախագահը կարող է «միջուկային հարձակման դիմել» այն դեպքում, երբ ուկրաինական զորքերը հարձակվեն Ռուսաստանը և Ղրիմը միացնող ավտոմոբիլային կամրջի վրա, ինչը, ըստ Ռուսաստանի նախագահի, «կնշանակի անցնել կարմիր գիծը և կհանգեցնի «դատաստանի օրվան»:
Պուտինը զգուշացրել է, որ «եթե արևմտյան ուժերը վտանգի տակ դնեն ռուսական տարածքի «ամբողջականությունը», ապա մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները» և հավելել. «Սա բլեֆ չէ»:
Կիևի զինված ուժերը շարժվում են Խերսոնի՝ ռազմավարական նավահանգստի ուղղությամբ, մոտ 70 հազար մարդ արդեն դուրս է բերվել քաղաքից: Ըստ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Խերսոնի համար հնարավոր ճակատամարտը որոշիչ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։