Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Փերվին Հայամ օղլու Միրզազադեի հոդվածին, որում վերջինս անդրադարձել էր Մարուքյանին և նրա՝ «Թվիթերում» կատարած մի շարք գրառումների:
Պատասխանում Մարուքյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ճանապարհը կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինծառայողներին դուրս բերելն է, բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելն է, Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան դելիմիտացիա իրականացնելն է, կողմերի սուվերենության հիմքի վրա կոմունիկացիաների բացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատության երաշխավորումը:
«Միևնույն ժամանակ խաղաղության ճանապարհ չեն կարող լինել սպառնալիքներն ու բռնությունը: Չնայած Ձեր ողջ հոդվածում կարմիր գծով անցնում են հենց հայ ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքները:
Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Սոչիի եռակողմ հայտարարությունը, որի շրջանակներում պայմանավորվել է զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից: Խորապես հիասթափված եմ, որ արդեն այսօր Ձեր հայտարարությունները դուրս են եկել պայմանավորվածությունների շրջանակից, որոնց հասել է Ձեր իսկ կառավարությունը: Նաև ցավում եմ, որ, չնայած արտաքին գործերի նախարարությունում 33 տարվա աշխատանքին, Դուք հակված եք իրար հակասող եզրահանգումների:
Մի կողմից՝ Դուք խոսում եք տարիքով ավագների հանդեպ հարգանքի մասին, ինչն ընդունված է Կովկասում, իսկ մյուս կողմից՝ Ձեզ հանգիստ իրավունք եք վերապահում անցնել անձնական վիրավորանքների: Ինչպես ասել է դասականը՝ «Եթե ուզում եք հարգանք՝ մի՛ սկսեք վիրավորանքներից»:
Սուտը, որը երբեմն դուրս է ցանկացած երևակայության սահմաններից, հաճախ կիրառվող գործիքներից մեկն է, որն օգտագործում եք Ձեր դատողություններում: Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ Դուք թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը: Նույն այդ քողի տակ Դուք փորձում եք թաքցնել Սումգայիթում և Բաքվում տասնյակ հազարավոր հայերի ջարդերը, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով, թալանով և հրկիզումներով:
Դուք փորձում եք նաև մոռացության մատնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մշտական բռնությունը, ինչպես դա եղավ հակամարտության էսկալացիաների ընթացքում գրանցված ագրեսիաների ընթացքում՝ 2016 թվականին և 2020 թվականին: Դուք փորձում եք միջազգային իրավունքի մասին բառերի տակ թաքցնել խաղաղ մարդկանց սպանությունները, ռազմագերիներին պահելն ու գնդակահարելը, զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների դիակները ծաղրելը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը, մշակութային և պատմական ժառանգության յուրացումն ու պղծումը:
Երևում է՝ հենց այդպիսի մթնոլորտում են զարգացել պատմությունը խեղաթյուրելու և ամբողջությամբ վերաշարադրելու Ձեր մշտական փորձերը՝ հայկական քաղաքներն ու տարածքները յուրացնելու հատուկ ուղղվածությամբ:
Ընդգծեմ նաև Ձեր հոդվածի ամբողջական դիսոնանսը, երբ դատողություններ եք անում «սուվերենություն» հասկացության մասին: Մի կողմից Ձեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ ճանաչված ու պարզ են, երբ խոսվում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին, մյուս կողմից այդ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, երբ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին է:
Ես հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, եթե կա բոլոր պայմանավորվածությունները իրագործելու և խաղաղության պայմանագիր կնքելու հստակ քաղաքական կամք:
Կարող եմ վստահորեն փաստել, որ հայկական կողմն ունի մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և խաղաղության պայմանագիր կնքելու ամուր քաղաքական կամք: Տեսնենք՝ Ադրբեջանն ունի՞ այդ քաղաքական կամքը»,- ասված է Մարուքյանի պատասխանում: