Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը:
Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց.
«Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»:
Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար:
«165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը: