2023 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ: Նախորդ տարի դա կազմել էր 933 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարության 2021-26 թթ. ծրագրով՝ մեր պլանն է այն հասցնել 1.4 տրիլիոն դրամի: Այդ առումով համապատասխան փոփոխություններ կմտցնենք կառավարության միջոցառումների ծրագրի մեջ»,- ասաց Քերոբյանը:
Քերոբյանը հայտնեց նաև ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներ:
«2022 թվականի 9 ամիսների տվյալներով՝ կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028-ի պլանավորած ցուցանիշը: Այս նպատակով բարեփոխումների քաղաքականությունը կուղղվի գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման և մասնատվածության մակարդակի նվազեցմանը, դրանց խոշորացմանը, միավորմանը կամ կոնսոլիդացմանը, տնտեսվարողների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- ասաց նախարարը: