Վարկային միջոցներով տուն կամ բնակարան նորոգելը դարձել է պակաս ծախսատար, եթե էներգախնայող ու էներգաարդյունավետ սարքավորումներով ու շինանյութով է կատարվում: Քաղաքացիների բեռը թեթևացնում է պետությունը. այս տարվա հունիսին գործարկված անհատական տների ու բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները:
Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Դրանք ներառում են պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացման աշխատանքները, ջեռուցման համակարգերի, դրանց բաղադրիչների փոխարինումը, տեղադրումը, ջրատաքացուցիչ համակարգերի, օդորակիչների, օդափոխման համակարգերի, լեդ լույսերի, լուսատուների փոխարինումը, անհատական տների համար արտաքին պատերի, պատուհանների, դռների փոխարինումը, նյութերի ձեռքբերումը և այլն:
Ցանկը փոքր չէ, ավելի մանրամասն տեղեկությունը ՏԿԵՆ-ի կայքում է տեղադրված: Վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքերի բնակարաններրի համար ոչ ավելի, քան 7 մլն դրամ է, անհատական տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն է: Պարտադիր պայման է, որ ընդհանուր գումարի 20 տոկոսը էներգաարդյունավետ միջոցների վրա ուղղվի բնակարանների պարագայում, իսկ 30 տոկոս՝ անհատական տների: Ծրագրով կարող են գումարի մինչև 10 տոկոսն էլ ծախսել կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վրա, բայց եթե այն A+, այսինքն՝ էներգախնայող դասի է: Պարտադիր պայման է նաև, որ էներգաարդյունավետության վրա ծախսված ամբողջ գումարը հավաստվի փաստաթղթերով կամ կտրոններով:
Տիգրան Մելքոնյան - Սեպտեմբեր ամսվա տվյալներն ամփոփելով՝ մենք ունենք արդեն 132 շահառու: Եթե ըստ կարգավիճակի ներկայացնենք՝ 58՝ գյուղական բնակավայրերում, 50՝ քաղաքային բնակավայրերում և Երևան քաղաքում՝ 24, տրամադրվել է ավելի քան 366 մլն դրամ վարկային միջոցներ, սուբսիդավորման գումարը կազմել է ավելի քան 2 մլն դրամ:
Պետությունը վարկի տոկոսները սուբսիդավորում է ըստ տեղանքի. օրինակ՝ եթե բնակավայրը սահմանամերձ է կամ բարձրլեռնային, վարկը տրամադրվում է 0 տոկոսով, եթե գյուղական բնակավայր է, ոչ սահմանամերձ, վարկի տոկոսադրույքը 2 է, քաղաքայինում տրամադրվում է 3 տոկոսով, մայրաքաղաքում՝ 5: Առանց սուբսիդիայի նման վարկերի տոկոսները միջինը 11-ի սահմանում են՝ պնդում է 2018-ից արևային պանելներ ու ջրատաքացուցիչներ ներկրող ու տեղադրող ընկերության կոմերցիոն տնօրենը: Հետաքրքրությունը մարդկանց մոտ տարեցտարի ավելանում է:
Սարգիս Ներսիսյան (ընկերության կոմերցիոն տնօրեն) - Շատ շատերը տեղեկացված են, անգամ ունեցել ենք հաճախորդ, որ սպասել ա մոտ 1 ամիս, որ ծրագիրը դուրս գա, կարողանան օգտվել:
Ծրագրի գործարկումից հետո առաջիկա մի քանի ամիսը նախարարությունն ակտիվ աշխատել է տեխնիկական խնդիրները հարթելու ուղղությամբ, լսել են թե՛ բանկերի ու վարկային կազմակերպությունների, թե՛ քաղաքացիների առաջարկները: Հիմա կարծես ամեն ինչ հարթվել է՝ վստահեցրեց էներգետիկայի վարչության պետը: Հիշեցնում է՝ քաղաքացին է որոշում, ինչ չափով գումար վերցնի և ինչ աշխատանքի համար այն օգտագործի: Ծրագիրն էլ ավելի արդյունավետ դարձնելու ու խթանելու համար էլ շուտով նոր խրախուսող մեխանիզմներ են ներդնելու: Հետաքրքրվածության այս պահի տեմպերը գերատեսչության համար գոհացնող են: