Այս շաբաթ Սոչիում կայացավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Քննարկման սեղանին հայ-ադրբեջանական հարաբերություններն էին, արդյունքը՝ համատեղ հայտարարությունը: Ռուսական կողմի ձևակերպմամբ՝ ամեն հարցում չէ, որ կարողացան համաձայնության հասնել, որոշ դրույթներ տեքստից հանվեցին:
Հայկական կողմն ավելի ուշ փակագծերը բացեց՝ խոսքը Լեռնային Ղարաբաղ անունը՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի՝ խաղաղության պայմանագրի ձևակերպումը ներառելու մասին էր, որը չեղավ Ադրբեջանի պնդմամբ, Հայաստանի պահանջով էլ հայտարարությունից դուրս են մնացել Բաքվին ձեռնտու դրույթներ:
Թեև որոշակի զիջումների գնով, բայց հստակ արձանագրվեց, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի: Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են սահմանի առկայությունը: Չի՞ նշանակում սա արդյոք, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այո՛, նշանակում է, բայց Բաքուն կարծես չի շտապում հեռանալ մեր ինքնիշխան տարածքից: Հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու արձանագրումն էլ չի բացառում հետագա էսկալացիաները, սակայն նման հայտարարությունները, ըստ փորձագետների, պրոցեսի մեկնարկի մասին են փաստում:
Սոչիի հանդիպումից մի քանի ժամ հետո վարչապետ Փաշինյանը Թեհրանում էր՝ բնականաբար, նաև եռակողմ պայմանավորվածության մասին Իրանին տեղյակ պահելու համար: