Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կես ժամում միայն այս գազալցակայանում 10 խախտում արձանագրվեց. գազաբալոնի անվտանգության ստուգում չանցած մեքենաները լիցքավորվում էին առանց արգելքի:
Մինչդեռ այս տարվա փետրվարին, օրենսդրական փոփոխությամբ, գազաբալոնները պետք է պարտադիր ստուգման ենթարկվեին, սակայն նման գործունեություն իրականացնող կայանների սակավության պատճառով կարգավորումն ուժի մեջ մտավ միայն օգոստոսին: Այսպիսով, արդեն երեք ամիս է՝ գազաբալոնի ստուգում չանցած ավտոմեքենաները չեն կարող լիցքավորվել: Ընդ որում, օրենքը խախտելու դեպքում տուգանվում է ոչ թե վարորդը, այլ՝ լցակայանը:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Վերջին երկու օրվա ընթացքում իրականացրել ենք 52 գազալցակայանի նկատմամբ վերահսկողական գործառույթներ, ուսումնասիրել, դիտարկել ենք մոտ 700 տրանսպորտային միջոց, որի արդյունքում կազմվել է 82 վարչական արձանագրություն, այսինքն՝ տվյալ պարագայում 82 տրանսպորտային միջոց առանց վկայագրման իրականացրել են լիցքավորում:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանում և մարզերում խստացված ստուգումների է անցել: Տեսչականի հետ գործընթացին հետևում է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը: Ըստ Խաչիկ Սողոմոնյանի՝ գործարկվել է էլեկտրոնային շտեմարան, որպեսզի ստուգում անցած ավտոմեքենաների տվյալները հասանելի լինեն լցակայանների աշխատակիցներին: Այս պահին տվյալների բազային միացված են վկայագրման բոլոր կայանները, գազալցակայաններից մոտ 550-ը:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Անմիջապես այդ տվյալները գործընթացն ավարտելուց հետո մուտք են անում համապատասխան շտեմարան, իսկ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ լցակայանների մեծ մասը պատշաճ չեն իրականացնում ստուգումը, նոր դրանից հետո իրականացնում լիցքավորումը:
Տեսչականի տրանսպորտային անվտանգության վարչության պետը շեշտում է՝ իրենց նպատակը ոչ թե տուգանելն է, այլ քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելը, բայց ստուգումները փաստում են, որ հանրային գիտակցությունը դեռ չի փոխվել, եղել են դեպքեր, երբ օրվա ընթացքում նույն տնտեսվարողին մի քանի անգամ են տուգանել:
Հայկ Մարտիրոսյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության պետ) - Առաջին անգամ տուգանված կայաններից մենք էսօր բավականին մեծ քանակի լցակայաններ ունենք, որ երկրորդ, երրորդ, հինգերորդ անգամ են տուգանվում: Առաջին անգամ վարչական խախտման մասին իրավախախտումների հոդվածը կիրառում է նրանց նկատմամբ 200.000 դրամի չափով տուգանք, երկրորդ և հաջորդական անգամները կիրառվում ա արդեն 400.000 դրամի տուգանք: Դրանք բավականին լուրջ գումարներ են, որ խախտումների տեսքով տնտեսվարողների վրա հավելյալ բեռ են ավելացնում:
Այս պահին գործում է գազաբալոնի ստուգման 53 կայան, գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստացել ևս 8-ը: Աջափնյակ վարչական շրջանում այս կայանը բացվել է սեպտեմբերին: Տնտեսվարողն այցելուների քանակից գոհ չէ:
Հայկ Ավետիսյան («Պրոգազ» ընկերության ներկայացուցիչ) - Տարածքում էդ ժամանակ ուրիշ կայաններ չկային փորձարկման Աջափնյակում, մենք բացվեցինք էստեղ, մոտավոր երևի ծախսվեց 35-40 հազար դոլար էն բանով, որ օրական գոնե 50 մեքենա կստուգենք, բայց էսօր լինում ա օր՝ ընդհանրապես մեքենա չի գալիս, լինում ա՝ գալիս ա մի մեքենա կամ երկու մեքենա: Մենք փորձեցինք պարզել՝ ինչի՛ չեն գալի մեքենաները, պարզվում ա, իրոք, հարյուր հազարավոր մեքենաներ կան, որ ստուգված չեն, ուղղակի իրենք կարողանում են լիցքավորվեն առանց խնդրի:
Բոլոր մարզերում առկա են ստուգման կայաններ: 55-ից 19-ը Երևանում են, մնացածը՝ մարզերում: Նախարարությունը նաև արձանագրել է դեպքեր, երբ կայանն առանց մեքենան ստուգելու քաղաքացուն տվել է վկայագիր: Այդ գործերով քննչական կոմիտեում քրեական վարույթներ են հարուցվել, ընթանում է նախաքննություն: