ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
«Կարծում ենք՝ Պրահայում և Սոչիում հանդիպումներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին, տեղեկացրել՝ ինտենսիվ երկխոսություն են վարում Թեհրանի հետ՝ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։
«Բաքուն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ։ Ուշադիր հետևում ենք իրանական լրատվամիջոցներին. մեզ անհանգստացնում են Ադրբեջանի դեմ ուղղված ոչ բարեկամական հայտարարությունները»,- ասել է Բայրամովը, հավելել՝ հարաբերությունները փչացնելն ավելի հեշտ է, քան դրանք կառուցելը:
ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԸ՝ ՌԴ-ԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թեհրանը փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը Թեհրանում ՄԱԿ-ի կանոնադրության բարեկամության միջազգային խմբի հետ հանդիպմանը։
Միաժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ տրամադրելու մասին տեղեկությունները։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան (Իրանի ԱԳ նախարար) - Արևմտյան որոշ երկրներ աղմուկ են բարձրացրել, թե Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարել պատերազմում Մոսկվային օգնելու համար: Մենք Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ ենք մատակարարել, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունից մի քանի ամիս առաջ:
Նա հավելել է, որ Թեհրանը Կիևից ապացույցներ է պահանջել, որ ռուսական ուժերն իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Ուկրաինայի դեմ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Երկու շաբաթ առաջ Իրանի ռազմաքաղաքական պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան՝ հանդիպելու ուկրաինացիների հետ, սակայն նրանք վերջին պահին չեղարկեցին հանդիպումը: Եթե պարզվի, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ իրանական անօդաչու սարքեր է կիրառել, մենք կարձագանքենք։
Աբդոլլահիանը հավելել է՝ Թեհրանի դիրքորոշումը հայտնի է՝ պատերազմը պետք է դադարեցվի, բանակցությունները պետք է վերսկսվեն։
«ՊՈԼԻԳՈՆԻ» ՀՐԴԵՀԻ ՀԱՄԱՐ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Շենքից տարհանվել է 250 մարդ, կան վիրավորներ:
Հրդեհի համար կասկածվողը բերման է ենթարկվել, նա ընդունել է մեղքը: Նշվում է, որ նա որսորդական զենքից մի քանի անգամ կրակել է ակումբի վրա, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմել է 3 հազար քառակուսի մետր։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ակումբը պատկանել է մարզային պատգամավորներից մեկին, որն ազգությամբ ադրբեջանցի է:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՐԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ԱՄՆ-ԻՑ
Վաշինգտոնն Ուկրաինային է հատկացնում 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալով՝ փաթեթը ներառում է չեխական 90 տանկ, դրանց արդիականացմամբ կզբաղվեն Միացյալ Նահանգները և Նիդերլանդները: Կիևը կստանա նաև 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, զրահափոխադրիչներն արդիականացնելու միջոցներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Մոտ ապագայում Ուկրաինային կտրամադրվի նաև NASAMS ութ զենիթահրթիռային համակարգ:
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, Ուկրաինայում զարգացումները և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Էրդողանը նշել է, որ Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը, միայն եթե Հելսինկին և Ստոկհոլմը կատարեն ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ Թուրքիային արտահանձնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց: Նա նաև նշել է, որ Անկարան մտադիր է էլ ավելի կենտրոնանալ հացահատիկի գործարքի երկարաձգման վրա, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի և Աթենքի հարաբերություններին, ընդգծել՝ իր երկիրը պատասխանատու չէ տարածաշրջանում աճող լարվածության համար։ Էրդողանի խոսքով՝ Հունաստանը պետք է ողջախոհություն ցուցաբերի և երկխոսություն սկսի։
Ստոլտենբերգը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ դա ավելի կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը։